Հայաստանում սոցալական բունտի առանձնահատուկ նախադրյալներ չկան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքից ընտրված ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը՝ պատասխանելով այն հարցին, թե երկրի սոցիալ-տնտեսական վիճակի հետագա վատթարացումը կարո՞ղ է հանգեցնել սոցիալական պայթյունի եւ փողոց դուրս բերելու ընդունակ բողոքի տրամադրությունների աճի:
Միեւնույն ժամանակ, նա ընդունեց, որ Հայաստանում աղքատության մակարդակը շատ բարձր է եւ 30 տոկոս նիշից ցած չի իջնում: «Իսկ գործազրկության մակարդակը 20 տոկոսի է հասնում: Շատ մեծ է երկրից աշխատանքային միգրանտների հոսքը: Եթե այս ցուցանիշները համեմատենք Վրաստանի եւ Եվրասիական տնտեսական միության երկրների ցուցանիշների հետ, ապա մեզ մոտ ամենաբացասական պատկերն է»,- ասաց Մելքումյանը՝ հավելելով, որ խնդիր կա լուծման գործում կամ գոնե իրավիճակի մեղմացման, սակայն Հայաստանում լուրջ սոցիալական բունտ երբեք չի եղել: Նա միաժամանակ հավելեց, որ ներկայիս սոցիալ-տնտեսական իրավիճակը բացասական հետեւանքներ կունենա Հայաստանի տնտեսության, աշխատանքի արտադրողականության վրա:
Նշենք, որ 2018 թվականի պետական բյուջեի համաձայն՝ պակասուրդը կկազմի 4 տոկոս: Ինֆլյացիայի ֆոնին աշխատավարձերի, թոշակների եւ նպաստների բարձրացում չի նախատեսվում: Դրանից զատ, 2017-ին Հայաստանի պետական պարտքը հասել է 6 մլրդ 813 մլն դոլարի, իսկ 2018-ին արդեն կկազմի 7 մլրդ 209 մլն դոլար:




























