Խորհրդարանում «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչների յուրաքանչյուր ելույթ շոշափում է Հայաստանի քաղաքացիների գլխավոր՝ սոցիալ-տնտեսական խնդիրը: NEWS.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կարո՞ղ է երկրի սոցիալ-տնտեսական վիճակի հետագա վատթարացումը սոցիալական պայթյունի եւ փողոց դուրս գալու ունակ բողոքի տրամադրությունների հանգեցնել:
Նրա խոսքով՝ «Ծառուկյան» դաշինքի խորհրդարանական գործունեությունը բխում է հենց այն հանգամանքից, որ երկրում սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու լուրջ անհրաժեշտություն կա: «Մեր դաշինքն առաջին հերթին գործում է երկրում հենց սոցիալ-տնտեսական իրավիճակի կայունացման պայմանների ստեղծման, տնտեսության զարգացման նպատակներով»,- հավաստիացրեց Էնֆիաջյանը:
Նշենք, որ 2018 թվականի պետական բյուջեի համաձայն՝ պակասուրդը կկազմի 4 տոկոս: Ինֆլյացիայի ֆոնին չի սպասվում աշխատավարձերի, թոշակների եւ նպաստների բարձրացում: Դրանից զատ, 2017-ին Հայաստանի պետական պարտքը կազմել է 6 մլրդ 813 մլն դոլար, իսկ արդեն 2018-ին կկազմի 7 մլրդ 209 մլն դոլար:




























