Ռուսաստանը չի կարող պահանջել, որ Հայաստանը կամ որեւէ այլ երկիր վարի ռուսամետ քաղաքական կուրս: Հայաստանը վարում է հայամետ քաղաքական կուրս: Այդ մասին դեկտեմբերի 19-ին Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ հայտարարեց Պետդումայի ԱՊՀ, Եվրասիական ինտեգրացիայի եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը:
Նրա խոսքով՝ Հայաստանը ԵՏՄ մտնելուց առաջ էր սկսել բանակցությունները ԵՄ-ի հետ։ 2013 թվականին նախատեսված էր Ասոցացման համաձայնագրի ստորագրումը եւ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ազատ տնտեսական գոտու ստեղծում։ «Այս ամենը պատրաստվել է Վիլնյուսի Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի համար, եւ ինչպես հիշում եք՝ Ուկրաինայի կողմից այդ փաստաթուղթը ստորագրելուց հրաժարվելը Ուկրաինայի արեւմտամետ քաղաքական ուժերի բուռն արձագանքն առաջ բերեց, ինչը հանգեցրեց այդ երկրում պետական հեղաշրջման»,-հիշեցրեց նա:
Զատուլինը նշեց, որ «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը նպատակաուղղված է եղել նրան, որ ԵՄ-ն, ստանձնելով որոշ պարտավորություններ, այդ թվում՝ իր դաշնակիցների եւ ամերիկացի գործընկերների առաջ, ակտիվորեն միջամտեր հետխորհրդային տարածքում տեղի ունեցող գործընթացներում եւ փորձեր պետությունների հետ համագործակցել ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական ոլորտներում:
«Այս նպատակները ակնհայտ էին հենց սկզբից, բայց ամենախիստ եւ անզիջում ձեւով սկսեցին իրականացվել հենց 2013 թվականին, եւ Հայաստանը, տեսնելով դրանցում իր դիրքորոշմանը սպառնացող որոշակի սպառնալիքներ, առաջին հերթին՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում, հրաժարվեց ստորագրել փաստաթուղթը: Եվրամիության նախկին ղեկավարությունը հարցը դրել էր «կամ,կամ» սկզբունքով, այսինքն՝ կամ ԵՄ-ի հետ եք, կամ ԵՏՄ-ի: Հայաստանը չգնաց Ուկրաինայում տեղ գտած դրամատիկ իրադարձությունների ճանապարհով, եւ մենք շնորհակալ ենք նրան դրա համար»,- ասաց ռուս խորհրդարանականը:
Նա կտրուկ քննադատեց ռուսական ՆՏՎ եւ Զվեզդա հետուսալիքներում հնչեցված Հայաստանի եւ ԵՄ-ի համագործակցության մասին հայտարարությունները: «Ես շատ ափսոսում եմ, որ մի շարք քաղաքագետներ չափազանց զգացմունքային են գտնվել, նույնիսկ գռեհիկ կերպով արձագանքել են Հայաստանի կողմից Եվրամիության հետ փաստաթուղթ ստորագրելու փաստին: Ռուսաստանում հայտնվել են հեռուստատեսային մեկնաբանների որոշակի դաս, որոնք մեկնաբանում են բոլորի եւ ամեն ինչի մասին»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ այդ պատասխանները որեւէ կապ չունեն Ռուսաստանի իշխանությունների պաշտոնական դիրքորոշման հետ:
«ԵՄ-ն, իմ կարծիքով, հաշվի է առել 2013-2014 թվականների իրադարձությունների հետեւանքները, եւ մենք այդ փաստաթղթում ԵՏՄ-ի շրջանակներում ստանձնած պայմանավորվածություններին ուղղակիորեն հակասող կետեր չենք տեսնում»,-նշեց նա։ Ռուսաստանի համար Հայաստանի համագործակցությունը այլ երկրների հետ ունի կրկնակի նշանակություն: Մենք դիտում ենք Հայաստանը որպես Կովկասի եւ Անդրկովկասի մեր միակ հետեւողական դաշնակցի: Մի քանի տարի տեւած բանակցությունների ընթացքում Հայաստանը կարողացավ իր համար ճկուն համաձայնագիր կնքել, եւ Ռուսաստանը ու Հայաստանի մյուս գործընկերները հիմքեր չունեն նրան մեղադրելու համար »,-եզրափակեց նա:




























