«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը կարծում է, որ «Ելք» խմբակցությունը պետք է նախապես իրենց հետ քննարկեր նախագահի  միասնական թեկնածու առաջադրելու հարցը եւ ոչ թե առաջադրելուց հետո սատարելու առաջարկով հանդես գար: NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ   իրենց խմբակցությունում նախագահի թեկնածուի պակաս չկա: 

«Դուք տեղյակ եք, որ իրավական հարթությունում  «Ծառուկյան» խմբակցությունը այդ հնարավարությունը ունի, քանի որ 31 մանդատ ունի, իսկ «Ելք»՝ –ը ինը մանդատ: Նախագահի թեկնածու առաջադրելու հնարավարությունը «Ծառուկյան» խմբակցությունը ունի եւ եթե խոսում ենք համատեղ  թեկնածու ունենալուց, կարծում եմ՝  կոռեկտության շրջանակում ճիշտ կլիներ, որ  նախապես մեր գործընկերները քննարկեին մեզ հետ ու հնարավոր էր, որ միասնաբար կարողանայինք լուծում գտնել»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ առայժմ  արձանագրում են փաստը, որ թեկնածու առաջադրելու համար դեռեւս ժամանակ կա:

«Մենք բազմաթիվ կադրեր ունենք, ովքեր որ խորքային ինտելեկտուալ պոտենցիալ ունեն եւ նախագահի հավակնորդ են»,-ասաց պատգամավորը: