ԱՄՆ-ն վճռականորեն դատապարտում է Եմենից Սաուդյան Արաբիային հասցված հրթիռային հարվածը եւ Իրանին կոչ է անում դադարեցնել հուսիների սպառազինումը, փոխանցում է «ՌԻԱ  Նովոստի»-ն՝ վկայակոչելով Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերթի հայտարարությունը:

«Մենք, ինչպես նախկինում, մտահոգված ենք հուսիների ագրեսիվ գործողություններով, որոնց աջակցում են իրանական ժամանակակից սպառազինությամբ, ինչը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը եւ ձգձգում Եմենում հակամարտությունը»,- նշված է հայտարարության մեջ:

Նաուերթը հայտնել է, որ ԱՄՆ-ն «Իսլամական հեղափոխութան պահապանների կորպուսին կոչ է անում դադարեցնել հուսիների սպառազինությունը»:

«Հակամարտության քաղաքական կարգավորումը միակ ուղին է Եմենում երկարաժամկետ կայունության առաջընթացի համար: Բոլոր կողմերին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները, զերծ մնալ պատասխան գոծողություններից եւ վերադառնալ ՄԱԿ հովանու ներքո անցկացվող քաղաքական բանակցություններին»,- ասել է Նաուերթը:

Դեկտեմբերի 19-ին հուսիները հայտարարել էին, որ Յամամի թագավորական պալատի ուղղղությամբ բալիստիկ հրթիռ են արձակել այնտեղ սաուդյան ղեկավարության հանդիպում անցկացնելու ժամանակ: