Հյուսիսային Կորեան հերքել է այս շաբաթ ԱՄՆ ներկայացուցիչների հնչեցրած մեղադրանքները աշխարհում կիբերհարձակումներում իր ունեցած մասնակցության մասին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի հայտարարությունը։

«Հյուսիսային Կորեան ոչ մի կապ չունի կիբերհարձակումների հետ եւ մենք մտադիր չենք ամեն անգամ արձագանքնել ԱՄՆ կողմից մեր հասցեին հնչած աբսուրդ հայտարարություններին»,-շեշտել է դիվանագետը։ Նա հավելել է, որ Փհենյանը այս հայտարարությունները լուրջ քաղաքական սադրանք է համարում եւ ապագայում մտադիր չէ հանդուրժել ԱՄՆ կողմից նման քայլերը։  

Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները WannaCry  վիրուսի կիրառմամբ զանգվածային կիբերհարձակումների պատասխանատվությունը դրել էր  Հյուսիսային Կորեայի վրա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներքին անվտանգության հարցերով  օգնական Թոմ Բոսերտը  Wall Street Journal թերթի էլեկտրոնային տարբերակում հրապարակված իր հեղինակային հոդվածում  հայտարարել էր, որ  «ԱՄՆ կողմից մանրակրկիտ քննության արդյունքում WannaCry զանգվածային հարձակումները վերագրում  են  Հյուսիսային Կորեային»։