Դատական օրենսգրքի օրինագիծը նախօրեին չի ընդունվել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խորհրդարանում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկվա ստեղծված իրավիճակին:
«Օրինագիծը դրվեց քվեարկության, չանցավ, բայց հայտարարվեց՝ անցավ, իրավական ի՞նչ հիմնավորմամբ է Ազգային ժողովի նախագահը հաշվառել Ռուստամ Մախսուդյանի բանավոր հայտարարությունը՝ որպես կողմ ձայն: ԱԺ Կանոնակարգի 60-րդ հոդվածում հստակ նշվում է, որ քվեարկության ավարտից հետո նիստը նախագահողը էլեկտրոնային համակարգով իրականացված քվեարկության արդյունքների եւ ներկայացված գրությունների հիման վրա հայտարարում է նախագծի անցնելու կամ չանցնելու մասին: Այսինքն հաշվի է առնվում երկու ֆակտոր՝ գործուղման մեկնած պատգամավորների ծրարներ եւ էլեկտրոնային համակարգով քվեարկություն: Նույն Կանոնակարգի 6-րդ կետն էլ ասում է, որ պատգամավորը չի կարողացել օգտվել իր քվեարկության իրավունքից, հետեւաբար երեկվա Դատական օրենսգիրքը չի ընդունվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նույն խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ հայտարարեց, որ նախօրեին քվեարկության է դրվել սահմանադրական օրենքի նախագիծ, որի ընդունման համար անհրաժեշտ էր պատգամավորների թվի 3/5-րդը, այսինքը 63 ձայն:
«Հանրային հեռուստաընկերությունն էլ ասում է՝ «Ելք»-ի պատգամավորները բոյկոտեցին, հետո պարզեցին, որ սահմանադրական օրենք չէ: Ոչ, մենք չենք պարզել, որ սահմանադրական օրենք չէր: Սա սահմանադրական օրենք էր, պետք է լինի պաշտոնական պարզաբանում: Երբ արդարադատության նախարարն ասում է՝ վրիպակ է եղել, ո՞նց կարող է այս դահլիճում նման բան լինել, հանրությանը մատուցվում է, թե այս դահլիճում ոչ ոք չի հասկանում՝ ինչ է քվեարկվում, ինչն են բոյկոտում, ինչն են ընդունում: Կարելի՞ է նման բան: Ազգային ժողովի նախագահն էլ է քվեարկությունից առաջ ասում՝ սահմանադրական օրենք ենք դնում քվեարկության, մենք կարծում ենք՝ Հանրապետության երկրորդ դեմքը ճիշտ է եղել եւ քվեարկության է դրել սահմանադրական օրենք»,- ասաց Մարուքյանը՝ շեշտելով, որ Դատական օրենսգրքի նախագիծը չի ընդունվել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին Դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվել է մեծ աղմուկով: Ի սկզբանե Արա Բաբլոյանը հայտարարել էր, որ քվեարկության է դրվում սահմանադրական օրենք, որի ընդունվելու համար անհրաժեշտ է 63 ձայն, սակայն, նախագիծն ընդունվեց 61 կողմ ձայնով: ԱԺ նախագահը նշել էր, որ պատգամավոր Մախմուդյանի կոճակը չի աշխատել, «ընդունվեց» նրա բանավոր հայտարարությունը, թե ինքը կողմ է նախագծին: «Ելք» խմբակցության պատգամավորը, սակայն, պահանջել էին կրկին քվեարկության դնել օրինագիծը, ԱԺ նախագահը մերժել էր այն եւ անցել հաջորդ նախագծի քվեարկությանը: Որպես բոյկոտի նշան՝ «Ելք»-ի անդամները լքել էին նիստերի դահլիճը: Ավելի ուշ արդեն արդարադատության նախարարն ու ԱԺ մամուլի ծառայությունը պարզաբանեցին, թե «շփոթմունք» է տեղի ունեցել, քվեարկության դրվածը սահմանադրական օրենք չի:




























