Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում պետք է այնպես խոսի, որպեսզի պոլսահայերին չվնասի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Նա նշեց, որ պոլսահայերը հայ պատգամավորի պահվածքից անհանգիստ են, կարծում են, որ խորհրդարանում նրա բարձրացրած հարցրեը կվնասեն հայ համայնքին:
«Հայ համայնքն անհանգիստ է պառլամենտի մեջ իր խոսելու, գոռալու, կանչելու համար, որովհետեւ մենք կկորցնենք մեր իրավունքները: Նա խորհրդարանում այնպես պետք է խոսի, որպեսզի մեր համայնքին վնաս չտա, եթե համայնքը անհանգիստ է, ուրեմն մի բան կա մեջտեղում: Հայաստանի մեջ ազատ-ազատ խոսում եք, մեր տեղը դուք չեք եւ չեք հասկանում մեզ»,-ասաց նա:
Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի խոսքով, Կարո Փայլանը Թուրքիայի իշխանություններին մի կողմից «զարկում» է, մյուս կողմից «շոյում». «Երկու կողմով է խոսում՝ մի կողմից զարկում է, մի կողմից շոյում»:




























