Թուրքիայի Սիլիվրի բանտի մոտ թուրք հայտնի գործարար, հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման ջատագով Օսման Քավալայի կալանման դեմ բողոքի ակցիա է տեղի ունեցել։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ մի շարք թուրք լրագրողներ, գրողներ ու պատգամավորներ հավաքվել են Սիլիվրի բանտի մոտ եւ կալանքի տակ գտնվող Օսման Քավալայի ազատ արձակելու կոչ արել։
«Օսման Քավալային չեք կարող մեղավոր դարձնել»,–հնչեցրել են հավաքվածները՝ հիշեցնելով, որ արդեն 51 օր Օսման Քավալան անհիմն գտնվումէ կալանքի տակ։
Նշենք, որ Օսման Քավալան Թուրքիայի հայտնի իրավապաշտպաններից է։ Նա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջատագովներից է։ Նրա կողմից կազմակերպվել են հայ-թուրքական հաշտեցմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ Թուրքիայում։ Քավալան բազմաթիվ անգամ եղել է Հայաստանում։
Ստամբուլում նրան պատկանող հրատարակչությունում տպագրվել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքեր, իսկ նրան պատկանող «Ջեզաիր» ռեստորանում կազմակերպվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկումներ ու սգո միջոցառումներ։
Օսման Քավալային մեղադրում են գյուլենականների հետ համագործակցության եւ 2016–ի հեղաշրջման փորձի հետ կապ ունենալու մեջ։




























