Կառավարությունը դեկտեմբերի 21-ի նիստում հավանություն տվեց Տավուշի եւ Լոռիի մարզերում որոշ տարածքներ հանրային բացառիկ գերակա շահ ճանաչելու որոշմանը: Որոշման նախագիծը ներկայացրեց էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:
Իրավաբանական եւ ֆիզիկական անձանց պատկանող այս տարածքները կօտարվեն «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի օգտին «Հուսալի էլեկտրամատակարարում» վարկային ծրագրի իրականացման համար, որն իրականացվում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ: «Ծրագիրը հանրապետական նշանակություն ունի, քանի որ ուղղված է էներգետիկ անվտանգության եւ էներգամատակարարման հուսալիության մեծացմանը: Այն չի կարող արդյունավետորեն իրականացվել առանց այս տարածքների օտարման»,- նշեց նախարարը՝ հավաստիացնելով, որ այս տարածքները հանրայյին բացառիկ գերակա շահ ճանաչելը սեփականատերերին չհիմնավորված վնաս չի հասցնի, քանի որ հաշվի են առնվել շահագրգիռ կողմերի բոլոր դիտողություններն ու առաջարկները
Տարածքները գտնվում են Այրում (Տավուշի մարզ), Ախթալա եւ Ալավերդի (Լոռիի մարզ) համանքներում:
Հիշեցնենք, որ «Հուսալի էլեկտրամատակարարում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի եւ ՎԶԵԲ-ի միջեւ ստորագրված 39 մլն դոլար արժեքով համաձայնագրի շրջանակում: Ընդգրկված է 81 հողատարածք՝ ընդհանուր 0,9 հա մակերեսով:




























