Սոթքի հանքավայրում աշխատող Վարդենիսի եւ շրջակա համայնքների բնակիչները, որոնք բողոքի ակցիա էին կազմակերպել իրենց աշխատանքից չհեռացնելու պահանջով, այդպես էլ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ից հստակ պատասխան չեն ստացել: NEWS.am-ի հետ զրույցում հանքավայրի նախկին աշխատակիցներից Արմենը նշեց, որ ոսկու հանքի աշխատակիցներից շատերը հեռացվել են՝ տարբեր պատճառաբանություններով եւ նրանց թույլ չեն տալիս մուտք գործել հանքավայրի տարածք:

«Ես արդեն մի քանի տարի աշխատում էի հանքում, ինձ միանգամից ասացին, որ այլեւս չեմ աշխատում այնտեղ, թե ինչու՝ կոնկրետ պատասխան ինձ մինչեւ հիմա չեն տվել: Այս տարածքում այլ աշխատատեղ չկա, հիմա Նոր տարվա շեմին մենք որտեղի՞ց գտնենք աշխատատեղ, ոնց պահենք մեր ընտանիքը»,-ասաց նա:

Հանքավայրի աշխատակիցները դեկտեմբերի 19-ին փակել էին Վարդենիս-Երեւան ճանապարհը եւ պահանջում էին, որպեսզի իրենց աշխատանքից չհեռացնեն: «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ղեկավարությունը նույն օրը հանդիպեց նրանց հետ, այդ հանդիպումը, սակայն,  որեւէ արդյունք չտվեց:

«Գեոպրոմայնինգ» հանքարդյունաբերական ընկերությունների խումբը ստեղծված իրավիճակի վերաբերյալ ավելի ուշ հայտարարություն տարածեց՝ ըստ որի,  «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող Սոթքի ոսկու հանքավայրում պարբերաբար տեղի են ունենում գողություններ: Նման իրավիճակները բացառելու համար ընկերությունը վերջին ժամանակներում զգալիորեն խստացրել է Սոթքի ոսկու հանքի անվտանգության պահպանությունը, որն էլ առաջացրել է որոշների դժգոհությունը: Ընկերության տեղեկացմամբ, Վարդենիս-Երեւան ճանապարհը փակած անձինք չեն հանդիսանում ընկերության աշխատակիցներ: Նրանց դժգոհության հիմնական պատճառը Սոթքի ոսկու հանքի անվտանգության պահպանության ուժեղացումն է: Նման իրավիճակից կարող էին դժգոհել միայն այն անձինք՝ «չղջիկները», ում նման փոփոխությունները ձեռնատու չեն, ովքեր անընդհատ փորձ են կատարում ապօրինի ներխուժել հանքի տարածք եւ այնտեղից գողություն կատարել: