Նախկին դատավոր Պարգեւ Օհանյանի կարծիքով Երեւանի մեկ միասնական առաջին ատյանի դատարանի ստեղծումը կարող է բացասական ազդեցություն ունենալ դատավորների անկախության վրա: NEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ մեկ միասնական առաջին ատյանի դատարանի նախագահը տնօրինչական գործառույթներ կարող է ստանձնել եւ ազդել դատավորների անկախության վրա:
«Ես ռիսկ եմ տեսնում, որ այս պարագայում ավելի կենտրոնացված կարող է լինել, այսինքն՝ քաղաքային դատարանի նախագահը տնօրինչական գործառույթներ կարող է ստանձնի եւ իմ կարծիքով ազդի դատավորների անկախության վրա: Բայց դե, առանց այն էլ, դատավորներն անկախ չեն մեզ մոտ»,-ասաց նա:
Թե ինչ դրական եւ բացասական կողմեր կարող է ունենալ Երեւանի մեկ միասնական առաջին ատյանի դատարանի ստեղծումը, Պարգեւ Օհանյանը նշեց. «Չգիտեմ, թե ինչ դրական, կամ բացասական արդյունք կարող է ունենալ: Իմ կարծիքով, այդ դատարանի ստեղծումը բացարձակ կարեւոր չէ, կարեւորը արդարադատությունն է, որը կաղում է մեզ մոտ՝ կա կոռուպցիա, հովանավորչություն եւ այլն, այս հարցերը պետք է լուծել ոչ այդ ճանապարհով»:
Բերվող այն փաստարկներին, թե Երեւանի մեկ միասնական առաջին ատյանի դատարանի ստեղծմամբ դատարանները կբեռնաթափվեն եւ այդպիսով գործերն ավելի արագ կքննվեն, Պարգեւ Օհանյանը նշեց՝ դատարանների բեռնաթափման խնդիրը պետք է լուծվի գործերի քննության օպերատիվությամբ, իրավունքի, օրենքի գերակայության միջոցով, ոչ թե միասնական ընդհանուր դատարան ստեղծելով:
Հիշեցնենք, որ կառավարությունը հավանություն էր տվել Երեւանի մեկ միասնական առաջին ատյանի դատարան ստեղծելու օրենքի նախագծին: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշել էր, որ մեկ միասնական դատարան ստեղծելով հնարավորություն կընձեռվի, որպեսզի գործերը հավասարապես բաշխվեն բոլոր դատավորների միջեւ եւ ապահովվի արդյունավետ քննություն։




























