Բիզնեսի հետ երկխոսության եւ վարչարարության արդյունավետ թիրախավորման շնորհիվ պետական եկամուտների կոմիտեն կարողացել է խոշոր եւ միջին բիզնեսից հարկային բարձր մուտքեր ապահովել գերավճարների նվազեցման պայմաններում:

Խոշոր եւ միջին բիզնեսն ավելի քան 483 մլրդ դրամ հարկային մուտքեր է ապահովել պետբյուջե 2017թ. 11 ամիսների ընթացքում։

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ եթե հաշվի առնենք, որ Խոշոր եւ միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների հարկային գերավճարները 2017թ.-ի 11 ամիսների ընթացքում նվազել են 4.7 մլրդ դրամով, ապա 2017թ.-ի հարկային եկամուտների աճը կազմում է ավելի քան 61 մլրդ դրամ կամ 13,8%:

«Սա տնտեսության ակտիվացման, արտադրության եւ արտահանման տեմպերի արագացման ու հարկային նոր վարչարարության արդյունք է»,-վստահեցնում է Խոշոր եւ միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետ Արմեն Սաֆարյանը:

Միայն մետաղական հանքարդյունահանման ոլորտում հարկային մուտքերն ավելացել են 43%-ով: Աճը զգալի է նաեւ ծխախոտի արտադրության, բանկային գործունեության, վառելիքի ներմուծման-իրացման, շինանյութի արտադրության, սուպերմարկետների, ծառայությունների մատուցման եւ, ընդհանուր առմամբ, 55 ոլորտներում։

«Խոշոր եւ միջին բիզնեսի ոլորտային եւ անհատական վերլուծություններից հետո հարկ վճարողները դասակարգվել են ոչ ռիսկային եւ ռիսկային խմբերի: Խոշոր եւ միջին ՀՎՏՎ-ը, կատարելագործելով վերլուծական կարողությունները, ստուգումներ եւ ուսումնասիրություններ է անցկացրել բացառապես ռիսկային համարվող հարկ վճարողների մոտ, եթե միայն ինքնահայտարարագրման մղող կանխարգելիչ ջանքերն արդյունք չեն տվել»,-պարզաբանում է Արմեն Սաֆարյանը՝ նշելով, որ հարկ վճարողների զգալի մասն արձագանքել է հարկային մարմնի գործընկերային երկխոսության առաջարկին եւ վերանայել վարքագիծը:

Արդյունքում ռիսկային հարկ վճարողների հարկային եկամուտների եւ իրացման շրջանառությունների աճն առավել տպավորիչ է. եթե ոչ ռիսկային հարկ վճարողների հարկային եկամուտներն աճել են 7%-ով, ապա ռիսկայիններինը՝ շուրջ 20%-ով:

«Առավել ռիսկային են այն ոլորտները, որտեղ կանխիկ դրամի մեծ շարժ կա՝ մանրածախ առեւտուրը, ծառայությունների որոշ տեսակները, սպասարկման ոլորտը: Ճշգրիտ պատկեր ստանալու նպատակով մենք տնտեսության ոլորտները մի քանի տասնյակ ենթաոլորտների ենք բաժանում եւ վերլուծությունները կատարում մի քանի մակարդակով։ Օգտագործում ենք հնարավոր բոլոր աղբյուրներից ստացված տեղեկատվությունը, այդ թվում՝ երրորդ անձանցից՝ խորացնելով կոմիտեի եւ իրավասու այլ մարմինների միջեւ համագործակցությունը»,-ներկայացնում է Խոշոր եւ միջին ՀՎՏՎ պետը։

Ըստ նրա՝ բիզնեսի հետ գործընկերային փոխհարաբերությունների հաստատման մասին է վկայում նաեւ հսկողական աշխատանքների նվազումը. 2017թ.-ին 2016թ.-ի համեմատ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների քանակը նվազել է 45-ով կամ 12,7%-ով, փոխարենն ավելացել է մասնակի ստուգումների քանակը:

«Ստվերի դեմ պայքարում ԽՄՀՎ ՀՏՎ-ը կարեւորել է փաստաթղթաշրջանառության կարգավորումը: Հետեւողական եւ համալիր գործունեության արդյունքում խոշոր եւ միջին բիզնեսի կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակն ավելացել է 19%-ով, հարկային հաշիվներով իրացման շրջանառությունն աճել է ավելի քան 176 մլրդ դրամով կամ 10,5%-ով, իսկ ՀԴՄ ֆիսկալ հասույթներն աճել են 74.8 մլրդ դրամով կամ 11%-ով»,-նշել է ԽՄՀՎ ՀՏՎ պետը՝ ընդգծելով, որ հարկային հաշիվների քանակը եւ շրջանառությունը հիմնականում աճել են արտադրության, ներմուծման եւ մեծածախ առեւտրի ոլորտներում գործող հարկ վճարողների մոտ, իսկ ֆիսկալային հասույթները՝ մանրածախ առեւտրի եւ սպասարկման ոլորտներում. «Խոշոր եւ միջին հարկ վճարողների դերը տնտեսության համար կարեւոր է, քանի որ նրանք ոչ միայն ապահովում են ընդհանուր հարկային եկամուտների գերակշիռ մասը, այլեւ տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում հենց խոշոր եւ միջին հարկ վճարողների կողմից են ձեւավորվում հարկերի վճարման շղթաները՝ ներմուծողներից, արտադրողներից մինչեւ առեւտրի եւ ծառայությունների մատուցման վերջնական փուլ: Եթե փոխվում է խոշոր բիզնեսի վարքագիծը, փոքր հարկ վճարողների մոտ եւս իրավիճակ է փոխվում»։

Արմեն Սաֆարյանը վստահեցնում է, որ բոլոր կազմակերպությունների հետ տեսչություն-վարչությունն աշխատում է էլեկտրոնային նամակագրությամբ. «Հարկ վճարողի հետ մեր ամբողջ երկխոսությունը փաստաթղթավորվում է, եւ դա հասանելի է դառնում ՊԵԿ այլ ստորաբաժանումներին: Այս աշխատաոճն էապես նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը»։