Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնեցրել են Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման համար վարկի տրամադրման շուրջ հարցերը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

Նրա խոսքով՝  բոլոր ասպեկտները, այդ թվում՝ ֆինանսական ասպեկտը լուծված է։ «Կարող ենք ասել, որ պայմանագիրը փաստացիորեն մտնում է իրականացման փուլ։ Բոլոր պարամետրերը, բոլոր տեխնոլոգիաները եւ գործարքը ամբողջությամբ համաձայնեցված է»,-նշել է նա։

Կոժինը հայտնել է, որ պայմանագիրը բաղկացած կլինի երկու ֆինանսական բաղկացուցիչներից։ «Պայմանագրի մի մասը կվճարի թուրքական կողմը, մյուս մասը կվճարվի վարկի միջոցով, որը կտրամադրի Ռուսաստանը»,-ասել է նա։

Ռուսաստանը եւ Թուրքիան 2 միլիարդ դոլար արժողությամբ Ս-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարման պայմանագիր կնքել են սեպտեմբերին։ Թուրքիայի ռազմական ղեկավարությունը նախատեսել էր ստանալ ոչ միայն պատրաստի համակարգեր, այլ նաեւ  «Տրիումֆ» համակարգերի արտադրական տեխնոլոգիաներ։ Սակայն ռուսական կողմին հաջողվել է հասնել համաձայնագրի կնքմանը առանց տեխնոլոգիաների տրամադրման։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքների ամփոփման ժամանակ հայտարարել էր, որ  Մոսկվան եւ Անկարան վերջնականապես  կկնաքեն Ս-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման գործարքը մեկ շաբաթվա ընթացքում։