«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը սեփական մեքենաներ է ներկրում եւ այդ պատճառով դադարեցնում է պայմանագրային հարաբերությունները «Ակնաձոր» ընկերության վարորդների հետ: Այս հանգամանքը «Ակնաձորի» աշխատողների մոտ բողոքի ալիք է բարձրացրել: Նրանք դեկտեմբերի 19-ին բողոքի ակցիա էին կազմակերպել եւ պահանջում էին իրենց չհեռացնել աշխատանքից: NEWS.am-ի հետ զրույցում աշխատողներից Արամայիսը նշեց, որ շուրջ 40 վարորդ գործազուրկ դառնալու վտանգի տակ է:

«Որպես վարորդ ենք աշխատում արդեն մի քանի տարի է՝ բեռնատարերով հանքանյութ ենք տեղափոխում, հիմա կազմակեպությունը սեփական մեքենաներն է ներկրում, հրաժարվում է «Ակնաձորի» մեքենաներից ու վարորդներից, մենք էլ պահանջում ենք, որ մեզ առանց աշխատանքի չթողնեն»,-ասաց նա:

Արամայիսի խոսքով, բեռնատարի մի քանի վարորդ արդեն աշխատանքի է ընդունվել «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունում եւ որպես վարորդ կաշխատեն Հայաստան բերված նոր բեռնատարերի շահագործման ժամանակ, սակայն, պարզ չէ՝ արդյոք բոլորը հնարավորություն կունենան աշխատանքի ընդւոնվել, թե ընկերությունն իր վարորդները կբերի: Հենց այս մտավախությունն էլ պատճառ է եղել, որ վարորդները փակեն Երեւան-Վարդենիս ճանապարհը:

Նշենք, որ «Ակնաձոր» ընկերությունը «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությանը մատուցում է հանքանյութի փոխադրման ծառայություններ՝ հանքից մինչեւ երկաթուղային կայարան: «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ բողոքի ակցիայի մասնակիցների հիմնական պահանջը այն է, որ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը չհրաժարվի Կապալառուի ծառայություններից (2018 թվականի հունվարի 15-ից «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը մտադիր է լուծել պայմանագիրը «Ակնաձոր» ընկերության հետ եւ հանքաքարի փոխադրումն իրականացնել սեփական միջոցներով)։ Այդ նպատակով ընկերությունը ձեռք է բերել համպատասխան տեխնիկա, ինչպես նաեւ «Ակնաձոր» ընկերության աշխատակիցներին՝ վարորդներին ու մեխանիկներին առաջարկում է աշխատանքի ընդունվել «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունում։ Ուստի այն հիմնավորումները, որ վերջիններս բերում էին, թե իբրեւ թե կմնան անգործ, իրականությանը չի համապատասխանում: