2017 թվականի ընթացքում 7 հուշարձանների վերականգնման աշխատանքների մասով եղավ բացթողում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ամենամյա ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշել է Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Նրա խոսքով, դա տեղի է ունեցել հիմնականում շինարարների մեղքով, սակայն նաեւ ընթացակարգերի պատճառով. «Որովհետեւ մրցույթի մասնակիցներից մեկի բողոքի պատճառով շինարարությունը մի քանի ամսով հետաձգվեց: Մենք մի քանի այցելությունների ժամանակ արձանագրեցինք նաեւ շինարարների թերությունները: Այժմ եկել ենք պայմանավորվածության, որ մինչեւ 2018 թվականի հունիսի 1-ը պետք է ավարտեն 2017-ի շինարարության ծավալները, որովհետեւ դրանից հետո մեկնարկում են 2018-ի ծրագրերը: Խիստ սահմանված ժամկետներում շինարարները պարտավոր են ավարտել որակով արված աշխատանքը»,-ընդգծեց նախարարը՝ հավելելով, որ 2018-ին նաեւ առցանց տեսախցիկներ են տեղադրվելու բոլոր վերականգնվող հուշարձանների մոտ, որի միջոցով վերահսկողություն կիրականացվի:
Արմեն Ամիրյանը տեղեկացրեց, որ 2018-ի համար նախատեսված է թվով 9 հուշարձանների վերանորոգում. «Հուսով եմ, որ տարվա վերջին կարձանագրենք այդ աշխատանքների հաջող ավարտը: Բոլոր հուշարձանների մասով գործելու են տեսախցիկները, որոնցով հետեւելու ենք առցանց շինարարության աշխատանքներին»,-ընդգծեց նա:




























