«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության համակարգող Դավիթ Պետրոսյանը շարունակում է հացադուլը։ Արդեն հինգերորդ  օրն է՝ նա փակվել է Երեւանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում  եւ անժամկետ հացադուլ հայտարարել, մինչեւ իշխանությունը չընդունեն իրենց պահանջը։

Հիշեցնենք, որ նախաձեռնությունը պահանջում է վերականգնել ուսման տարկետման իրավունքը։  Իշխանության հետ շուրջ մեկ ամիս տեւած բանակցությունները արդյունք չտվեցին եւ նախաձեռնության անդամները վերադարձան պայքարին։  Դավիթ Պետրոսյանի հետ հացադուլ էր անում նաեւ նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Յուրի Ավագյանը, որը առողջական խնդիրների պատճառով դադարեցրել է։ Դավիթ Պետորսյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ իշխանությունը մինչ այս պահը չի արձագանքել պահանջին, իսկ իր համար հարգարժան մարդիկ հորդորում են դադարեցնել հացադուլը եւ հիմա քննարկում են հետագա քայլերը։

«Իմ դասախոսները, ընկերները հորդորում են, որ դուրս գան հացադուլից, բայց հիմա դրա շուրջ մտածում ենք, կոնկրետ պատասխան չեմ կարող տալ՝ ինչ ենք պատրաստվում անել։ Հացադուլի նպատակն այն էր, որ չլեգիտիմացնենք այս օրենքը, որն ընդունվում է, այս պահին դեռեւս իշխանությանկողմից արձագանք չկա այս պահանջին, մենք էլ քննարկում ենք մեր հետագա քայլերը։ Կարեւոր քայլերըից մեկն իրականացվել է, եւ ցույց ենք տվել, որ իշխանությունը մտահոգ  չէ գիտական կյանքի համար։ Բացի այդ ցույց ենք տվել, որ ուսանողները անկախ են, չեն կարող վերահսկել մեր պայքարը, քանի որ այս պայքարը արժեքների ու գաղափարների համար էր»,– ասաց Դավիթ Պետրոսյանը։

Նշենք, որ այս օրերին նա ֆեյսբուքյան իր էջով ուղիղ հեռարձակմամբ ներկայացնում է գիտական ոլորոտում առկա խնդիրները եւ դրանց պատճառները։   Այնուամենայնիվ այսօր կշարունակվի հացադուլը։