Հայաստանում կգործի աշխատանքային պայմանագրի միասնական օրինակ: Այս մասին դեկտեմբերի 22-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թադեւոս Ավետիսյանը։ Համապատասխան նորմը կընդգրկվի աշխատանքային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու միջոցով:

Նրա խոսքով՝ դա թույլ կտա գործատուներին նվազեցնել իրավաբանական ծառայությունների համար ծախսերը՝ հնարավորություն տալով անձնակազմի կառավարման մասնագետներ ներգրավել, ինչպես նաեւ խուսափել վարչական եւ վերահսկման մարմինների հետ կապված խնդիրներից: Պայմանագրի ձեւանմուշը հասանելի կլինի Աշխատանքի նախարարության պաշտոնական կայքում: «Այս միջոցառումը ուղղված է վարչական ընթացակարգերի վերացմանը եւ, որպես հետեւանք, ստվերային աշխատատեղերի կրճատմանը»,-նշեց փոխնախարարը:

Նախատեսվում է նաեւ, որ գործադուլների իրականացման կանոնները փոխվելու են Աշխատանքի միջազգային կազմակերպության 87-րդ կոնվենցիայի եւ Եվրոպական սոցիալական խարտիայի նորմերին համապատասխան, որոնք սաահմանում են, որ գործադուլ է հայտարարվում այն պարագայում, եթե քվեարկության մասնակիցների կեսը կողմ է քվեարկում՝ անկախ ընտրողների ընդհանուր թվից: Մինչդեռ  Հայաստանում գործադուլ կարող է հայտարարվել ընկերության աշխատողների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի կողմ քվեարկելու պարագայում:

Առաջարկվում է նաեւ, որ աշխատանքային պայմանագրերը կարող են կնքվել ինչպես ժամանակավոր, այնպես էլ անժամկետ: Եվ եթե գործատուն երկու անգամ երկարաձգում է աշխատանքային պայմանագրի ժամկետը որոշակի ժամկետով, ապա պայմանագիրը ավտոմատ դառնում է անժամկետ:

 «Ազգ-բանակ» հայեցակարգի շրջանակներում աշխատանքային օրենսգրքում նոր փոփոխություններով նախատեսվում է նաեւ, որ  զինվորական ծառայության հաշմանդամություն ունեցող վետերանները, ինչպես նաեւ զոհված զինծառայողների ընտանիքների անդամները կօգտվեն աշխատանքից չհեռացվելու արտոնությունից։

Նոր փոփոխությունները բացառվում են 24/48 հերթափոխով 15-16 ժամ աշխատանքային  գրաֆիկը։ Այս ռեժիմում աշխատողները պետք է աշխատեն շաբաթը երկու օր եւ ունենան 5 հանգստյան օր: Կվերացվի նաեւ գիշերային եւ ցերեկային ժամերին արտաժամյա աշխատանքի համար վճարվող  նվազագույն աշխատավարձը:

Փոփոխությունների եւ լրացումների նոր օրինագիծը կառավարությանը կներկայացվի 2018 թվականին: