Կալիֆորնիայի դատարանի որոշմամբ՝ ներգաղթյալների վերաբերյալ թվով երրորդ հրամանագրի ստորագրումը վեր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լիազորություններից, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Կալիֆորնիայի դատարանի համապատասխան որոշումը:

Փաստաթղթում նշվում է, որ ներկայիս վարչակազմը համոզիչ փաստարկներ չի ներկայացրել առ այն, որ մի շարք երկրների բնակիչներ, որոնց, թերեւս ժամանակավորապես, պետք է մերժել ԱՄՆ մուտքի արտոնագրերի տրամադրման հարցում, վտանգ են ներկայացնում ամերիկյան անվտանգության համար:

Բացի այդ, ըստ որոշման, հրամանագրով նախատեսված միջոցները չպետք է կիրառվեն Միացյալ Նահանգների հետ ամուր կապեր ունեցող անձանց նկատմամբ

Մինչդեռ, փաստաթղթում նշվում է, որ որոշումը որեւէ ուժ չի ունենա մինչեւ ԱՄՆ Գերագույն դատարանի կողմից Թրամփի հրամանագրի քննարկման ավարտը: Այսպիսով, վերաքննիչ դատարանի որոշումը դեռ ֆորմալ բնույթ է կրում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Դոնալդ Թրամփը  հրամանագիր էր ստորագրել 7 երկրի (Իրան, Իրաք, Եմեն, Լիբիա, Սիրիա, Սոմալի, Սուդան) քաղաքացիներին ԱՄՆ մուտքի արտոնագրերի տրամադրման արգելքի մասին: Հետագայում Իրաքը դուրս բերվեց այս ցուցակից: Որոշ դաշնային դատարաններ որոշեցին արգելափակել հրամանագիրը: Հունիսին ԱՄՆ Գերագույն դատարանը մասամբ վերականգնեց ներգաղթյալների մասին հրամանագիրը: