Ախալքալաք մտնող ճանապարհների վրա՝ 9 տեղերում, ինչպես նաեւ քաղաքի կենտրոնական փողոցում, տեղադրվել են «խելացի տեսախցիկներ», հաղորդում է Jnews.ge-ն:
«Խելացի տեսախցիկները» արձանագրում են երթեւեկության կանոնների խախտումները, ինչպես նաեւ նրանց օգնությամբ հնարավոր է մեքենայի մուտքի եւ ելքի մանրամասն հսկողությունը: Տեսախցիկներ տեղադրվել են Ներքին գործերի նախարարության նախաձեռնությամբ եւ տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսավորմամբ: Քաղաքի 9 վայրերում տեղադրված է 18 տեսախցիկ:
«Խելացի տեսախցիկների» կողմից գրանցված տուգանքների 60%-ը կփոխանցվի տեղական բյուջե, իսկ մնացած 40%-ը՝ կենտրոնական բյուջե: Շրջանը «խելացի տեսախցիկների» ծառայության համար հատկացրել է 48 000 լարի:
«Ընդանուր գումարից 13 000-ը կտեղափոխվի հաջորդ տարի: Ես խոսել եմ ոստիկանության պետի հետ, եւ մենք պարմանավորվեցինք, որ եթե դա օգուտ է մեր անվտանգությանը, հաջորդ տարի մենք կավելացնենք «խելացի տեսախցիկների» քանակը», – ասաց Ախալքալաքի շրջանի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը:
Վրաստանում «խելացի տեսախցիկների» ներդրումը նպատակ ունի, ոստիկանության գործնեության մեջ, բարձրացնել բարձր տեխնոլոգիաների դերը եւ բարելավել հանցագործության դեմ պայքարը:
Ծրագիրն իրականացնում է Ներքին գործերի նախարարության համատեղ գործառական կենտրոնը, որը բացվել 2016 թ.-ի հոկտեմբերի 4-ին, եւ հանդիսանում է ՆԳՆ-ի տեխնոլոգիաների կենտրոնական հանգույցը:
Նոր նախագծի շրջանակներում, նախօրոք ոստիկանության նշված վայրերում, նախատեսվում է «խելացի տեսախցիկների» տեղադրում, որոնք համալրված են վիդեո վերլուծական ծրագրով, ինչպես նաեւ դրանց միացումը Ներքին գործերի նախարարության ցանցին եւ նրանց անընդմեջ մոնիտորինգ օպերատիվ կենտրոնի կողմից:




























