Ամանորին ձվի մանրածախ գները չեն բարձրանա եւ դեֆիցիտ չի լինի: Այս մասին դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է «Հայաստանի թռչնաբույծների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:
Ըստ նրա՝ ձվի նոյեմբերյան դեֆիցիտը պայմանավորված էր նրանով, որ այդ ամսին հայկական արտադրողները չկարողացան ապահովել ձվի անհրաժեշտ քանակությունը, ինչը իր հերթին պայմանավորված էր նրանով, որ փետրվար-մայիս ամիսներին տարածաշրջանում հայտարարված թռչնագրիպի կարանտինի պատճառով թխսկան հավերի արտադրողական գլխաքանակի համալրումը ժամանակին չէր ապահովվել:
«Հոկտեմբերի վերջին գների ընդհանուր աճի ֆոնին ձվի գները 2-3 դրամով ավելացան: Մենք կարողացանք ապահովել անհրաժեշտ, նույնիսկ ավելորդ ծավալը միայն դեկտեմբերին, ինչով եւ կփորձենք ծածկել նոյեմբերյան դեֆիցիտը»,- նշել է Սերգեյ Ստեփանյանը` հավելելով, որ պրոֆիցիտային ավելցուկը, որպես կանոն, ամսական 8-10 հազար արկղ է կազմում:
Ստեփանյանը պարզաբանել է, որ սպառողների դժգոհությունը չառաջացնելու համար տեղական արտադրողները ՀՀ կառավարությունից թույլտվություն են ստացել 5,2 մլն միավոր ձվի ներմուծման համար, որը կծառայի հրուշակեղենի ձեռնարկությունների, մսամթերքի խանութների, սննդի օբյեկտների կողմից պահանջարկի ապահովմանը, իսկ տեղական արտադրանքը ամբողջությամբ մանրածախ շուկա կմտնի:
Սերգեյ Ստեփանյանի խոսքով՝ վերջին շրջանում 4-5 դրամով թանկացել են միայն տուփով ձվերը: 0.1 դասի ձվերի գինը, որոնք կազմում է սպառման 50%-ը, հաջողվել է պահպանել է 62-65 դրամի սահմաններում: Միեւնույն ժամանակ, թխսկան հավերի համալրված խմբաքանակը ստանալուց հետո հայաստանյան արտադրողները ձուն շուկա են հանում 49-50 դրամով:
«Շուկայում արհեստական գնաճի միտում կար, ինչի արդյունքում տեղական արտադրողները որոշել են խոշոր առեւտրի օբյեկտներին առանց միջնորների արտադրանք մատակարարել, ինչի շնորհիվ գների արհեստական աճը որոշ չափով հաջողվեց զսպել», - նշել է Միության ղեկավարը:
Այնուամենայնիվ, ըստ նրա, այլ խնդիր է ծագում. խոշոր մանրածախ առեւտրի կետերում 0,1 դասի ձվերը արագորեն ձեռք են բերվում բակերի փոքր խանութների եւ հրուշակեղենի արտադրամասերի կողմից, եւ խոշոր առեւտրի կետերում մնում են միայն տուփերով թանկացած ձվերը:




























