Սիրիահայ դերասան Հակոբ Գյուլվարդյանը, կամ ինչպես հարազատներն են սիրում դիմել, Հակոբ Հակոբը շուրջ 3 տարի է՝ վերջնականապես հաստատվել է Հայաստանում: NEWS.am-ին տված հարցազրույցում դերասանը պատմում է Հայաստան տեղափոխվելու, այստեղ հարմարվելու դժվարությունների եւ իշխանությունների կողմից սիրիահայերին օգնելու մասին:

Պարոն Հակոբ, շուրջ 3 տարի է՝ Հայաստանում եք, դժվա՞ր է հարմարվելը:

Դժվար է կամ դյուրին, հիմա շատ հալեպահայեր տարբեր աչքով են նայում այս հարցին: Ամեն մարդ իր կարծիքն ունի, իր ակնոցն ունի դիտելու, հասկանալու: Հալեպում մտածում էինք, որ եթե տեղափոխվենք մի թաղից մյուսը, պետք է այդ նոր թաղին, հարեւաններին հարմարվելու համար վեց ամիս կամ մեկ տարի: Հիմա երկիր ենք փոխել, կանոններ կան, օրենքներ, որոնք մեզ համար նոր էին, բայց դժվարությունները պետք է հաղթահարել: Մինչդեռ շատերն ուզում են գալ ու անմիջապես հարմարվել, ով չի կարողանում մի քիչ խիստ օրենքներին դիմանալ, վերադառնում է Հալեպ կամ այլ երկիր է մեկնում՝ առանց մտածելու, որ ամեն երկիր իր օրենքն ունի: Սխալ է, որ ես ապրեմ այնտեղ, իմ զավակները՝ այստեղ, պիտի զավակներիս հետ լինեմ, հետեւաբար, ես պիտի շարժվեմ օրենքների հետ, ոչ թե օրենքն ինձ հետ: Այս հարցի լուրջ սիրիահայերի տեսակետները տարբեր են, բայց ես այստեղ մնալու եւ հարմարվելու մեծ հույսեր ունեմ, լավատես եմ:

Շատ են տարբերությունները Հայաստանի եւ Սիրիայի օրենքների միջեւ

Սիրիայում որ խանութ ես բացում, հարկայինին զգուշացնում ես, վկայական վերցնում ու տարեկան չնչին հարկով աշխատացնում ես խանութդ: Օրինակ, ես խանութ ունեի, տարեկան շուրջ 60-70 դոլար էի տալիս: Հայաստանում որ խանութ բացես, հարկայինը խանութիդ դռան մոտ կանգնած է: Սիրիայում եթե գործարան բացես, հինգ տարի դու հարկ չես տալիս, իսկ Հայաստանում… հետո Սիրիայում մենք որպես հայկական գաղութ շատ ուրախ էինք. մեր եկեղեցինները, դպրոցները, երգերը, մշակույթը, ակումբները կգործեին, լեզուդ պահպանված էր, ոչ մի դժվարություն չկար: Սա է հիմնական տարբերությունը: Երբ սիրիահայերը գալիս են Հայաստան ու գործ դնում, ամիսներ են պետք, որ հարմարվեն: Մյուս կողմից, շատ լավ է այստեղ այն առումով, որ քո հայրենիքումս ես, լավ քաղաքում ենք, ժողովուրդն էլ զարգացած է, օգնող եւ հասկացող:

Հայաստանում նաեւ աշխատանք գտնելն է խնդիր: Երիտասարդների համար աշխատանք կա, թեկուզ ցածր աշխատավարձով, բայց տարիքով մարդու համար դժվար է: Հալեպում իմ տարիքի մարդը կարող էր աշխատանք գտնել, նույնիսկ արվեստագետի համար գործ կար թատրոններում, սերիալներում:

Նշեցիք, որ խանութ եք ունեցել Հալեպում: Ի՞նչ խանութ է եղել, հիմա ի՞նչ վիճակում է այն, ձեր տունը:

Սառնարաններ էինք վերանորոգում խանութում, իսկ գործարանում սառնարաններ էինք արտադրում, գործերս լավ էին, խանութը փակեցի, մնաց գործարանը: Բավականին շատ աշխատողներ ունեինք, կաշխատեինք, կապրեինք, բայց հետո խառնվեց ամեն ինչ Հալեպում, շատ հայեր տուժեցին, զավակներ կորցրին… մենք էլ գործարանը փակեցինք, տունս թողեցի ու եկանք Հայաստան:

Փորձե՞լ եք Հայաստանում էլ նմանատիպ բիզնեսով զբաղվել, սառնարաններ նորոգե՞լ:

Փորձեցի, բայց մի անգամ գիշերը բարեկամս եկավ, թե սառնարանը փչացավ, գնացի, բայց հասկացա, որ լրիվ ուրիշ սառնարան էր, Հալեպում նմանները չեն արտադրվում, նույնը լվացքի մեքենաներին է վերաբերվում: Հիմա փորձում եմ դերասանությամբ զբաղվել, բայց դա էլ է ինձ համար դժվար, որովհետեւ հայերենի եւ արեւմտահայերենի տարբերություն կա, զանգում են, կանչում փորձի, գնում ես 8-10 ժամ կանգնում հերթի մեջ, սպասում, հետո էլ զրուցում են հետդ, տվածն էլ 7-8 հազար դրամ է… 6 ամիս գնացի, հետո էլ չգնացի, դժվար է… հիասթափվեցի՞, ոչ, երեւի թե ժամանակը չէ դեռ, որ կյանքն ինձ ժպտա, երեւի կգա այդ ժամանակը:

Մինչեւ պատերազմը երբեւէ մտածե՞լ եք վերջնականապես Հայաստանում հաստատվելու մասին:

10-12 տարի առաջ որ եկանք, այդ քայլն արեցինք, բայց կարող էինք մի քիչ արագացնել այստեղ տեղափոխվելը, բայց չեղավ: Հիմա այստեղ երկու որդիներս են: Ես էլ, տղաս էլ Հայաստանում վարձով ենք ապրում: Եթե Հալեպի տունը կարողանանք վաճառել, այստեղ տուն կառնենք:

Ձեզնից առաջ Ձեր որդին է Հայաստան տեղափոխվե՞լ, ինչո՞ւ:

Երեւի թե շատ հայրենասեր է, ուզեց իր ապագան այստեղ շարունակել, ես գոհ եմ եւ ուրախ եմ իր այդ որոշումից: Ես տղայիս մղեցի, որ գա Հայաստան ու դրա համար չեմ փոշմանել, իմ գալու համար էլ չեմ զղջում:

Պարոն Հակոբ, շատ է շահարկվում, որ հայաստանցիների եւ սիրիահայերի միջեւ տարբերությունները շատ են, դրա համար միմյանց չեն հարմարվում: Դուք ինչ-որ վատ վերաբերմունք զգացե՞լ եք հայաստանցիների կողմից:

Ես անձամբ վատի չեմ հանդիպել, բայց այնպես չէ, որ վատերը չկան: Սիրիայում հայերը, արաբների մեջ ապրելով, ընդունելության մեջ շատ ավելի պերճախոս են, խանութում քեզ սուրճ կհյուրասիրեն, կարող ես ոչինչ չառնել, բայց քեզ նույն ժպիտով կճանապարհեն, բայց Հայաստանում վաճառողի եւ գնորդի մեջ սառը վերաբերմունք կա: Լավ է, որ նոր սերունդը ավելի ժպտերես է, օգնող են: Օրինակ, կրտսեր որդիս ընկել էր, մի երիտասարդ գրկել էր եւ տուն բերել, ահա քեզ լավ տրամադրություն: Պիտի չհամեմատես լավը կամ վատը, ես ինքս դրա վրա չեմ կենտրոնանում:

Պետության կողմից երբևիցե աջակցություն ստացե՞լ եք:

Անմիջական շփում պետության ղեկավարների հետ չեմ ունեցել: Ամիսիներ առաջ քույրս Հալեպում մահացավ, ասացին, որ Սփյուռքի նախարարությունը կարող է օգնել գումարի հարցով: Գնացինք նախարարություն, գումարով օգնեցին, ուրիշ այլ աջակցություն չեմ ստացել պետության կողմից: Բայց պետք է նշել, որ ինձ քաղաքացիություն տվեցին ու բավականին արագ: