Չնայած Գերմանիայում առկա բոլոր խնդիրներին, երկրի բնակիչները քաղաքական գործիչների նկատմամբ վստահությունը չպետք է կորցնեն, իր առաջին ծննդյան ուղերձում նշել է Գերմանիայի դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը, փոխանցում է DW-ն: 

Դեկտեմբերի 24-ին տարածված ուղերձում նա մասնավորապես նշել է նոր կառավարության ձեւավորման հետ կապված դժվարությունները եւ շրջանների խնդիրները, որոնք տառապում են բնակչության արտահոսքից:

Նրա խոսքով՝ ներկայումս քաղաքացիները հաճախ իրադարձությունների անսպասելի շրջադարձերի են բախվում, սակայն դրանք պետք է ոչ թե վախով ընդունել, այլ վստահությամբ եւ համոզմունքով:

Դա մասնավորապես վերաբերում է Բունդեսթագի սեպտեմբերյան ընտրություններից հետո նոր կառավարական կոալիցիայի ձեւավորմանը, որը ռեկորդային ժամանակով ձգձգվեց, ասել է նա՝ հավելելով. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ իշխանությունները գործում են նման դեպքերի համար սահմանադրության նախատեսած կանոններով»:

Շթայնմայերն իր ծննդյան ուղերձում դիմել է ոչ միայն քրիստոնյաներին, այլ նաեւ քրիստոնեական ավանդույթներին չհետեւողներին: «Եկեք միմյանց հարգանքով վերաբերվենք»,- կոչ է արել նա: