Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Քուրցի կարծիքով՝ ԵՄ-ում քվոտաների համակարգով փախստականներին տեղաբաշխելու փորձերը ձախողվել են: Այս մասին նա նշել է Bild am Sonntag պարբերականի հետ հարցազրույցում, որը հրապարակվել է դեկտեմբերի 23-ին:

«Երկրներին փախստականներին ընդունել պարտադրելու փորձերը Եվրոպային առաջ չեն մղի»,- ասել է Քուրցը: «Եթե այս ճանապարհը շարունակենք, ապա Եվրամիության մեջ ավելի շատ տարաձայնություն կստեղծենք: Անդամ երկրներն իրենք պետք է որոշեն՝ ընդունեն փախստականներին եւ ինչ թվաքանակով»,- կարծում է Ավստրիայի կանցլերը:

Ըստ նրա՝ «քվոտաների մասին բանավեճն առանց այն էլ անիմաստ է»: «Չէ՞ որ Եվրոպա ուղեւորվող միգրանտները չեն ցանկանում Բուլղարիայում կամ Հունգարիայում հայտնվել, նրանք առաջին հեթին Գերմանիա, Ավստրիա եւ Շվեդիա են ցանկանում մեկնել»,- նշել է Քուրցը:

Նա կոչ է արել շտկել ԵՄ միգրացիոն քաղաքականության թերությունները: «Այսօր լիովին լղոզված են ապաստան տրամադրելու եւ աշխատանքային միգրացիայի սահմանները»,- նշել է նա: Նրա կարծիքով՝ միգրանտներին անհրաժեշտ է օգնել իրենց հայրենիքում կամ դրան հարեւան երկրներում: «Եթե սա էլ հնարավոր չէ, ապա իրենց մայրցամաքի անվտանգ շրջաններում»,- հավելել է Քուրցը՝ նշելով, որ ԵՄ-ն գուցե նույնիսկ նման շրջաններ պետք է ստեղծի եւ անվտանգությունն այնտեղ ապահովի: