ԱՄՆ-ում ռուսատյաց հիստերիան արդեն պարանոիդ բնույթ է ձեռք բերել: Այն Ռուսաստանի Դաշնությանը եւ ԱՄՆ-ին թույլ չի տալիս առաջ շարժվել իրենց համար կարեւոր ուղղություններով, ինչպես նաեւ լրացուցիչ լարվածություն է առաջացնում աշխարհում, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Երկու պետությունների հարաբերություններում շատ խնդիրներ կան` ինչպես հին, այնպես էլ վերջերս առաջացած կամ, ավելի շուտ՝ արհեստականորեն ստեղծված: Հիմնականներից մեկը ռուսատյաց հիստերիան է, որն արդեն պարանոիդ բնույթ է ձեռք բերել: Հենց դա թույլ չի տալիս մեզ առաջ շարժվել մեր երկրների կարեւոր ուղղություններով եւ լրացուցիչ լարվածություն է առաջացնում համաշխարհային ասպարեզում», - ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Լավրովը, սակայն, նշել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ նոր «երկաթե վարագույր» չկա:

«Չեմ կարծում, սակայն, որ« երկաթե վարագույր» տերմինը կիրառելի է ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկա փուլի համար», - ասել է Լավրովը՝ ընդգծելով երկու երկրների միջեւ հարաբերություններում առկա խնդիրները եւ ԱՄՆ-ի կողմից չհիմնավորված հակառուսական գործողությունները:

Վաշինգտոնի՝ Մոսկվայի դեմ ուղղված գործողությունների շարքում նախարարը նշել է ԱՄՆ-ում պատժամիջոցների մասին օրենքի ընդունումը, ԱՄՆ-ում ռուսական դիվանագիտական սեփականության հետ կապված իրավիճակը, FBI-ի (Հետաքննությունների դաշնային բյուրո) կողմից Ռուսաստանի դիվանագետների վրա գործադրվող ճնշումը, ինչպես նաեւ ռուսաստանյան ԶԼՄ-ների հետապնդումը: