Կառավարությունը 2018 թվականին կհատկացնի 18 միլիարդ դրամ վերամշակող ընկերություններին տրամադրվող վարկերի սուբսիդավորման ծրագիր իրականացման համար: Այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Այս միջոցները կուղղվեն գյուղատնտեսներից հումք ձեռք բերելու համար:

Նրա խոսքով՝ սեպտեմբերի 20-ին մեկնարկած ծրագրի առաջին պիլոտային փուլը հաջողությամբ իրականացվել է՝ 2,4 մլրդ դրամը ընդհանուր բյուջեից 1,2 մլրդ տրամադրվել է  բանջարեղենի ու մրգերի վերամշակման  մեջ մասնագիտացված 16 գյուղատնտեսական սուբյեկտների։

«Այս առումով որոշվել է մեծացնել ֆինանսավորման ծավալները, եւ եթե ծրագիրը հաջողությամբ իրականացվի, հնարավոր կլինի խուսափել գյուղատնտեսների պարտքերի կուտակումներից: Ավելին, վարկերը կտրամադրվեն այն պարագայում, եթե  վերամշակող ընկերությունը հումք ձեռք բերելու համար նախօրոք պայմանագրեր կկնքի գյուղատնտեսի հետ»,-բացատրեց Մակարյանը` հավելելով, որ դա երաշխավորելու է արտադրանքի ամբողջական վաճառքը:

Ծրագրի հիմնական փուլում նախատեսվում է ավելացնել վարկային սահմանաչափը 150 միլիոն դրամից մինչեւ 1 միլիարդ դրամի: Վարկի տոկոսադրույքը 12 տոկոս է, որից 9 տոկոսը սուբսիդավորվելու է պետության կողմից: Արդյունքում վերամշակող ընկերությունները վարկ են ստանում 3 տոկոս տոկոսադրույքով: «Արդեն տարեսկզբին գյուղատնտեսներին կտրամադրվի տեղեկություն այն մասին, թե որ ընկերությունն, ինչ հումք եւ ինչ քանակությամբ է ձեռք կբերում, որպեսզի խուսափեն անբարեխիղճ ընկերությունների հետ գործարքներից»,- եզրափակեց Ռոբերտ Մակարյանը:

Այս փուլում ծրագրին մասնակցում են 15 ֆինանսական կազմակերպություններ (բանկեր եւ վարկային կազամերպություններ), սակայն 2018 թվականից կարող են միանալ նաեւ այլ շահագրգիռ ընկերություններ: