Քանի դեռ երկիրը ներդրումների առումով բաց է եւ հնարավորություն է տալիս շատ միջոցներ ներգրավվել, դրանք պետք է իրականացվեն օրենքների պահանջներին համապատասխան: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ Հայաստանի ներդրողների ակումբի անդամ, հայազգի գործարար Ռուբեն Թաթուլյանի անունը կապվում է օրենքով գողերի հետ:
«Եթե դուք ինձ հարցնում եք՝ որպես տնտեսագետի, ինձ համար չափազանց կարեւոր է ներդրումների հոսքը Հայաստան: Եթե հարցնում եք՝ որպես իրավաբանի, չափազանց կարեւոր է այդ ներդրումների ծագումը, եթե որպես Կառավարության անդամ եք հարցնում, ասեմ, որ քանի դեռ երկիրը ներդրումների առումով բաց է եւ հնարավորություն է տալիս ներգրավել շատ միջոցներ, ապա այդ բոլորը պետք է իրականացվեն օրենքի պահանջներին համապատասխան: Հայաստանը միացել է փողերի լվացման եւ ապօրինի շրջանառության դեմ միջազգային կոնվենցիաներին, թույլ տվեք իրավասու մարմինները քննեն, բայց որպես Կառավարության անդամ ես կոչ եմ անում բոլորին ներդրումներ անել երկրի ներսում, առաջին հերթին բնապահպանության ոլորտում»,- ասաց նախարարը:
Արծվիկ Մինասյանն այնուհետեւ հորդորեց այդ հարցն իրեն չուղղել: Նշենք, որ Ռուբեն Թաթուլյանն ու հայազգի այլ գործարարներ Հայաստանի ներդրողների ակումբի միջոցով պատրաստվում են 150-180 մլն դոլար ներդրում անել «Շնող» ՀԷԿ-ի կառուցման համար:
«Ինձնից ի՞նչ պատասխան եք ուզում ակնկալել, իսկ դուք բոլոր անձանց մասին ունե՞ք այդպիսի տեղեկատվություն: Ձեր շրջապատում դուք պարզե՞լ եք՝ քանի մարդ կա, որ քրեական աշխարհի հետ կապեր ունի»,- ասաց նախարարը՝ դիմելով լրագրողին:
Արծվիկ Մինասյանը հորդորեց սպասել եւ ժամանակից առաջ չընկնել:



























