Եթե անգամ դատական համակարգն ինքն իրենով անկախ գործի, դա դեռ երաշխիք չէ, որ դատավորն արդարադատություն իրականացնելիս կլինի անկախ կամ իրեն կզգա որպես անկախ սուբյեկտ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, «Դատական օրենսգրքի ընդունումը խորհրդարանում. խնդրահարույց դրույթներ եւ մտահոգություններ» թեմայով քննարկման ժամանակ նշել է փաստաբան Հայկ Ալումյանը:
Նրա խոսքով, այսօր կարելի է հաճախ տեսնել, որ դավավորների նկատմամբ ճնշումներ են լինում դատական իշխանության վերնախավի կողմից. «Մի բան է դատական իշխանության անկախությունը եւ ուրիշ բան է դատավորի անկախությունը, հետեւաբար պետք է ձգտել ավելի շատ ոչ թե դատական իշխանության անկախության, այլ դատավորի անկախության, որ յուրաքանչյուր դատավոր իրեն զգա անկախ եւ փաստացի այդպիսին լինի: Այս օրենսգիրքը դրան չի էլ ձգտում»:
Ալումյանը նկատեց, որ բազմաթիվ լծակներ կան դատավորների նկատմամբ, որոնք միշտ չէ, որ տեսանելի են. «Օրինակ գործերի բաշխման հետ կապված լծակները: Դուք գիտեք, որ տարիներ շարունակ գործերը բաշխվում էին դատարանների նախագահների կողմից եւ բաշխվում էին կամայականորեն, ինչը հնարավորություն էր տալիս դատարանի նախագահին ցանկացած ճնշման տակ դնել որեւէ դատավորի, որն իրեն դուր չէր եկել: Հետագայում ստեղծվեց համակարգ, որ համակարգիչն էր բաշխում գործերը, որպեսզի այդ լծակը չլինի: բայց հիմա որեւէ մեկը կարծում է, որ գործերը բաշխվում են համակարգչի միջոցով պատահականության սկզբունքո՞վ: Այդպիսի բան գոյություն չունի: Այդ համակարգչի քողի տակ գործերը շարունակում են բաշխվել կամայականորեն»,-ասաց Ալումյանը:
Հաջորդ լծակը դատավորների վրա, ըստ նրա հետեւյալն է. «Քաղաքացիական գործեր քննող դատավորներն իրենց աշխատանքի 80 տոկոսը նվիրել են բանկերի գործերը քննելուն: Համատարած բանկերը քաղաքացիներին դատի են տալիս, ու դատավորները քննում են այդ գործերը: Որեւէ մեկը ստուգե՞լ է, գուցե այդ դատավորը տվյալ բանկի վարկառու է հանդիսանում: Դատավորը հայտարարագիր է ներկայացնում, որտեղ նշում է իր ունեցած գույքը, իսկ ինչու չի ստեղծվել մեխանիզմ, ըստ որի դատավորը պարտավոր է հայտարարագրել, թե ինքը որ բանկում ինչ վարկեր ունի, ինչ պայմաններով, արդյոք ինքն արդեն ժամկետանց վարկառու չի, ուի լրիվ չի ընկել բանկի թակարդի մեջ»:
Ալումյանը նաեւ հայտարարեց, որ իր գործունեության ընթացքում ոչ մի անգամ չի տեսել, որ օրենքի մեջ որեւէ դրական փոփոխություն տեղի ունենա մարդու իրավունքների առումով իշխանության նախաձեռնությամբ. «Ցանկացած դրական փոփոխություն, եթե տեղի է ունեցել, ապա եղել է կամ Վենետիկի հանձնաժողովի ճնշման տակ, կամ Եվրոպական դատարանի վճիռների արդյունքում, համ ԵԽ-ի ճնշման տակ, կամ ԱՄՆ նախազգուշացումից հետո, որ եթե այս փոփոխությունը չանեք, այլեւս չենք ֆինանսավորելու»,-իր խոսքն ամփոփեց փաստաբանը:



























