10-ամյա Զավեն Ղազարյանն իր մայրիկի հետ ապրում է Հրազդան քաղաքում՝ ՋԷԿ-ի հանրակացարանում ՝սոցիալապես ծանր պայմաններում: Զավենն ի ծնե ունի լուրջ հիվանդություններ՝ հիդրոցեֆալիա եւ ողնուղեղայի ճողվածք, որոնք հետեւանք են եղել ծանր հղիության: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Զավենի մայրը՝ 53 ամյա Անահիտ Ղազարյանը:

«Ի ծնե ունի հիվանդություն՝ հիդրոցեֆալիա, գլխում ջուր է հավաքվում, չէր կարողանում քայլել, դժվարությամբ էր խոսում: Փոքր տարիքից մշտապես հիվանդանոցներ ենք պառկել, բուժում ստացել, միայնակ մայր եմ, ոչ մի օգնող չունեմ: Ես եմ ու իմ էրեխեն: Հիմա արդեն 10 տարեկան է, շունտավորում պիտի արվի, բայց դա էլ չեմ կարողանում անել, գումար չունեմ, շուրջ 1200 դոլար են ուզում: Հիմա անգամ չեմ կարողանում մեր ապրուստը հոգալ: Մեկ սենյակի մեջ ենք ապրում, էստեղ քնում ենք, էստեղ ուտում, դաս սովորում, ոչ մի հարմարություն չունենք, պետությանն ունեցած պարտքերի պատճառով էլ ամեն վայրկյան կարող ենք սրանից էլ զրկվենք»,-ասում է տիկին Անահիտը:

Զավենի մայրը հավաքարար է աշխատում, սակայն բազմաթիվ պարտքերի պատճառով աշխատավարձի կեսը ԴԱՀԿ մարմինը ամեն ամիս պահում է: Ստացած 25 000 դրամով եւ Զավենի նպաստով է կարողանում նրա դպրոցի, հագուստի եւ այլ ծախսերը հոգալ

«Ընդամենը 25 000 դրամ աշխատավարձ եմ ստանում, մեկ էլ Զավենի թոշակն ու նպաստը: Դրանով պիտի կոմունալները մուծեմ, երեխայիս հագուստի, փամփերսի եւ այլ ընթացիկ ծախսերը հոգամ ու չի հերիքացնում: Առջեւում էլ նոր տարին ա ու եթե նախորդ տարիներին էլի մի բան կարողացել եմ գնել, այս տարի դա էլ չեմ կարող: Այս տարի պիտի ուղղակի պառկենք ու քնենք: Գումար չունեմ, որ երեխայիս ուրախացնեմ»,-ասում է Անահիտ Ղազարյանը:

Տիկին Անահիտը, չնայած սոցիալական բազմաթիվ խնդիրներին, սփոփվում է միայն նրանով, որ իր տղան հանրակրթական դպրոց է հաճախում ու ներառական կրթություն է ստանում. «Դպրոց է գնում, բայց արդեն տաք կոշիկներ էլ չունի, վերարկուն էլ փոքրանում է ու նույնիսկ դա չեմ կարողանում գնել: Չգիտեմ էլ ում դիմեմ: Մի կողմից շոuնտավորման հարցը, մյուս կողմից՝ ապրուստի: Երկու երեխա էլ ունեմ, նրանք ամուսնացած են, բոլորին մի կողմ եմ դրել ու մենակ Զավենի մասին եմ մտածում»:

Առջեւում Ամանորն է ու Զավենն էլ մյուս երխաների նման հավատում է Ձմեռ պապիկի գոյությանը: Նրանից էլ տաք շորեր ու հեռադիտակ է խնդրում:

Ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել 094309178 հեռախոսահամարով: