2017 թ. իրականացվել է ավելի քան պետական վերահսկողական 1300 միջոցառում, ինչպես նաեւ 84 անասնահամաճարակային մշտադիտարկում, 1805 շրջայց:  Այս մասին ասաց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը դեկտեմբերի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով, ծառայության ուշադրության առանցքում են եղել միս-մսամթերքի, կաթ-կաթնամթերքի, զովացուցիչ ընպելիքների, հացի, հրուշակեղենի արտադրության ոլորտները, կրթական ու նախակրթական հաստատությունները, մսի շուկաները, իրացման ցանցերը:

Այնպիսի արտադրություններ, որտեղ տարիներ շարունակ չի իրականացվել որեւէ վերահսկողություն:

Արդյունքում, խախտումների հիման վրա տրվել է գործունեության կասեցման, հետ կանչի, վտանգավոր սննդամթերքի ոչնչացման ավելի քան 300 կարգադրագիր: «Թեժ գծին» այս տարի ստացվել է 2531 ահազանգ, հայտարարություն, հարցում՝ գրեթե երեք անգամ ավելի նախորդ տարվա համեմատությամբ: Տարվա ընթացքում մայրաքաղաքում եւ մարզերում իրականացված շրջայցերի արդյունքում ՍԱՊԾ սննդի շղթայի օպերատորների բազայում այսօր արդեն գրանցված է 13607 տնտեսվարող. տարեսկզբին գրանցված էր մոտ 1000 տնտեսվարող:

2017թ. սկսած՝ անցում է կատարվել պարտադիր սպանդանոցային մորթի, որն արդեն 2018 թ. կգործի ամբողջությամբ:

Ըստ ՍԱՊԾ պետի,  վերահսկողությունն ուժեղացել է անասնաբուժասանիտարական փորձաքննության, մսի դրոշմման նկատմամբ: Արդեն օրենսդրական կարգավորումները տրվել են. նախատեսվում է հուլիսին ունենալ գործող ավելի քան 40 սպանդանոց, քննարկվում է 20-30 նոր հայտ: