Երեւանի ավագանին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, որոշում կայացրեց բնակարան նվիրել ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին: Մինչեւ հարցը քննարկման դնելը, ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է բնակարան ստանում ժողովրդական արտիստը, եթե երկրում 1 միլիոն աղքատ մարդ կա:
«Այդ 1 միլիոն աղքատ մարդն էլ հաստատ բնակարանի կարիք ունի, ինչու՞ նրանց էլ չի տրվում, թե պատճառն այն է, որ նրանք արյունոտ ձեռքերով մարդկանց ծառայություն չեն մատուցել»,-հարցրեց նա:
«Հերիք է արյունոտ բառը օգտագործեք, զզվելի է արդեն»,-նրան պատասխանեցին հանրապետականները:
«Երկիր ծիրանիի» խմբակցության անդմաները կրկին պնդեցին բնակարան չնվիրել նրանց, ովքեր դրա կարիքը չունեն: Խմբակցությունից Մարինա Խաչատրյանը հիշեցրեց, որ Ռուբեն Մաթեւոսյանի դեպքում էլ ավագանին որպես հիմնավորում նշել է, թե վերջինն իսկապես բնակարանի կարիք ունի, մինչդեռ իրենք պարզել են, որ Ռուբեն Մաթեւոսյանն իր բնակարանը նվիրել է դստերը: Մարինա Խաչատրյանը հորդորեց բնակարաններ նվիրել զոհված զինծառայողների ընտանիքներին, որոնք դրա կարիքն իսկապես ունեն: «Հանրապետական» խմբակցության անդամ Լեւոն Իգիթյանը հակադարձեց. «Ցավում եմ, որ հասել ենք այն վիճակին, որ բացարձակ արժեքն էլ ենք կասկածի տակ դնում, էս տեմպերով մենք կնմանվենք մեր կողքի ցեղերին, իսկ ես չեմ ուզում Ադրբեջանին հասնենք: Զոհված զինծառայողների ընտանիքներին մենք բազմիցս օգնել ենք, այդ մասով ավագանու որոշումներ կան, հերիք է էդքան իջնեք»:
Երեւանի ավագանին Ռաիսա Մկրտչյանին բնակարան նվիրելու հարցն ընդունեց 58 կողմ եւ 3 դեմ ձայնով:



























