2017թ. Հայաստանի մարզերում ամենապահանջվածը եղել են բժիշկի ու ուսուցչի մասնագիտությունները: NEWS.am-ի հետ զրույցում Զբաղվածության պետական գործակալության Տեղեկատվության ապահովման բաժնի պետ Ցողիկ Բեժանյանը նշեց, որ անցած տարվա ընթացքում մարզերում շարունակաբար կրկնվել են բժիշկների, դասավանդողների թափուր աշխատատեղերը՝ հիմնականում տեղերում համապատասխան մասնագետների բացակայության պատճառով: Նրա խոսքով, Երեւան քաղաքում էլ շարունակաբար կրկնող աշխատատեղերը ցածր վարձատրվողներն են եղել:
Նրա խոսքով, գործատուների կողմից ներկայացվող թափուր աշխատատեղերի վերլուծությունը ցույց է տալիս, որ աշխատաշուկայում պահանջարկված են հիմնականում բարձրագույն կրթություն ունեցող բժիշկները, դասավանդողները (մարզերում) համակարգչային մասնագետները, ճարտարագետները, ճարտարապետները եւ հարակից մասնագետները, հաշվապահները: Միջին մասնագիտական՝ ֆինանսների եւ առեւտրի բնագավառների աշխատողները, առեւտրական-առեւտրային ծառայությունների գործակալները, միջին բժշկական անձնակազմի աշխատողները՝ (օժանդակ անձնակազմ), գանձապահները եւ հարակից զբաղմունքների աշխատողները, արվեստի, զվարճությունների եւ մարզական բնագավառների աշխատողները: Նախնական մասնագիտական՝ խանութների վաճառողներ եւ ապրանքների ցուցադրողները, սննդի արդյունաբերության, տրանսպորտի բնագավառի, մանածագործական արդյունաբերության բանվորները, տնային տնտեսության վարման ծառայություններ մատուցող, եւ հանրային սննդի կազմակերպությունների աշխատողները, շինարար–տեղակայողները եւ հարակից զբաղմունքների մասնագետները, գործիքագործ-փականագործները, հաստոցավարները, կարգաբերողները եւ հարակից զբաղմունքների մասնագետները, վարորդները:
Ցողիկ Բեժանյանը նշեց, որ 2017թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում Հայաստանում աշխատանքի է տեղավորվել 8.4 հազար աշխատանք փնտրող. 5.3 հազարը` կին, 2.8 հազարը՝ երիտասարդ, 0.2 հազարը՝ հաշմանդամություն ունեցող անձ, որից 1366-ը զբաղվածության ծրագրեր միջոցով:
Ցողիկ Բեժանյանի խոսքով, աշխատանքի տեղավորվածների թվաքանակում 4.3%-ը առաջին անգամ աշխատանք փնտրող է: Տարեսկզբից կասեցվել է 459 եւ դադարեցվել 22033 գործազուրկի կարգավիճակը: Ընդ որում 4.3%-ի կարգավիճակը դադարեցվել է երկու անգամ հարմար աշխատանքի առաջարկից հրաժարվելու, 38.5%-ի կարգավիճակը՝ զբաղվածության գործակալության հրավերով հարմար աշխատանքի տեղավորման կամ զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելու առաջարկություն ստանալու համար 2 անգամ անհարգելի պատճառով չներկայանալու, 0.2%-ի կարգավիճակը՝զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելուց հետո հարմար աշխատանքի առաջարկից հրաժարվելու պատճառով, 57%-ի կարգավիճակը՝ այլ պատճառներով:
Ցողիկ Բեժանյանը նշեց, որ ըստ տնտեսության ճյուղերի աշխատանք փնտրողների աշխատանքի տեղավորման բաշխվածության ամենամեծ տեսակարար կշիռը կազմել է արդյունաբերության՝ 19,0%, սպասարկման այլ ծառայությունների՝ 17.7%, մեծածախ եւ մանրածախ առեւտրի, ավտոմեքենաների եւ մոտոցիկլների նորոգման՝ 17.3%, կրթության՝ 10% ոլորտներում:




























