Երեւանի ավագանու այսօրվաէ դեկտեմբերի 26-ի նիստում, «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինե Խաչատրյանը հանդես եկավ հայտարարությամբ, պահանջելով իրենց խմբակցության նախկին անդամներ Հայկ Պետրոսյանին եւ Մնացական Պարակշիեւին զրկել ավագանու անդամի մանդատից:

«Այս դահլիճում գտնվում են երկու անձնավորություններ, որոնք չեն հանդիսանում Երեւանի ավագանու որեւէ խմբակցության անդամ: Միաժամանակ, որեւէ խմբակցության կողմից չեն առաջադրվել որեւէ հանձնաժողովում: Երեւանցին նրանց չի արտոնել այստեղ գտնվել, նրանք չունեն որեւէ ծրագիր: Նրանք ավագանու նիստերին մասնակցում են միայն ֆիզիկապես, որեւէ անգամ չեն բարձրաձայնել երեւանցուն հուզող խնդիրներ, չեն ընդվզել Երեւանը քանդող ու ապականող ուժերի դեմ: Այս ամենի մեղավորը ոչ միայն այդ երկու անձինք են, որոնք յուրացրել են «Երկիր Ծիրանիին» տված ժողովրդի վստահության քվեն, այլ նաեւ այսօրվա նիստը վարողը, ով չի հետեւել օրենքի պահանջին»,- ասաց Մարինե Խաչատրյանը:

Նրա խոսքով, Երեւանի քաղաքապետը պարտավոր էր առաջնորդվել ՏԻՄ օրենքով, պետք է կազմեր ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն եւ 7-օրյա ժամկետում այն ուղարկեր ԿԸՀ: «Մենք պահանջում ենք հարցի շուտափույթ լուծում»,-հայտարարեց նա:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հիշեցրեց, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները նախկինում այդ հարցով դիմել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որը, սակայն, մերժել էր Հայկ Պետրոսյանի եւ Մնացական Պարակշիեւի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նրանց դիմումը։ «Իրենք օրենքի ուժով Երեւանի ավագանու անդամներ են ու միայն իրենց դիմումի համաձայն կարող են հրաժարվել ավագանու անդամի լիազորությունից»,- ասաց Տարոն Մարգարյանը:

Նշենք, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության նախկին անդամներ Մնացական Պարակշիեւին ու Հայկ Պետրոսյանը տարաձայնություններից հետո հեռացել էին այդ  խմբակցությունից ու այժմ ավագանու անկախ անդամներ են: