Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կազմվել է արտահերթ հրապարակային զեկույց Խնամակալության եւ հոգաբարձության մարմինների ու խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովների (ԽՀՄ/ ԽՀՀ) վերաբերյալ:
Զեկույցը հնարավորություն է տվել վեր հանել հետեւյալ հիմնական խնդիրները՝
• խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովների ներկայացուցիչներն աշխատում են կամավորության սկզբունքով, ինչն էական խոչընդոտ է այդ կառույցների արհեստավարժ եւ մոտիվացված գործունեությանը,
• բացակայում են նրանց կողմից իրենց պարտականությունները չկատարելու կամ պատշաճ չկատարելու համար պատասխանատվության արդյունավետ մեխանիզմները,
• աշխատակիցների կրթական որակավորման շեմն ու մասնագիտական կրթության պահանջները հստակ սահմանված չեն,
• խնդրահարույց են խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովների կազմին եւ կառուցվածքին առնչվող լուծումները,
• բացակայում են խնամակալության եւ հոգաբարձության մարմինների աշխատակիցների վարքագծի առանձին կանոնները։ Դրանք պետք է հաշվի առնեն երեխաների եւ ծնողների հետ աշխատանքի հոգեբանական առանձնահատկությունները,
• խնդրահարույց է քննարկվող հանձնաժողովների ու մարմինների գործունեությանը հասարակական կազմակերպությունների ներգրավման կարգը։
Ոլորտի ուսումնասիրության արդյունքում ձեւավորվել են առաջարկներ, որոնք կնպաստեն խնամակալության եւ հոգաբարձության մարմինների ու խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովների գործունեության եւ երեխաների իրավունքների պաշտպանության իրավիճակի բարելավմանը:
Զեկույցը կազմելիս վերլուծվել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները, ԽՀՄ/ԽՀՀ վերաբերյալ հաշվետվություններն ու զեկույցները, ուսումնասիրվել է համայնքային մակարդակում երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի վերաբերյալ այլ երկրների փորձը, ինչպես նաեւ ՀՀ օրենսդրությունը:
Ուսումնասիրության ընթացքում կազմակերպվել են նաեւ քննարկումներ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի հասարակական կազմակերպությունների եւ ԽՀՀ-ների ներկայացուցիչների հետ։
Արտահերթ հրապարակային զեկույցը հասանելի է հետեւյալ հղումով:


























