Ֆրանսիական Bayard Jeunesse հրատարակչությունը վաճառքից հանել է Youpi մանկական ամսագրի հունվարյան համարը՝ Իսրայելի հետ կապված «անտեղի» դիրքորոշման պատճառով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով հրատարակչությունը:

Համարը վաճառքից հանելու պատճառ էր հանդիսացել ամսագրում հրապարակված աշխարհի քարտեզին կից գրառումը այն մասին, որ «ոչ բոլոր պետություններն են իրական պետություններ»: «Այդ 197 պետությունները մենք երկրներ ենք կոչում. այդպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան կամ Ալժիրը: Կա նաեւ մի քանի երկիր, որոնց դեպքում աշխարհի ոչ բոլոր մյուս երկրներն են համաձայն, որ դրանք իսկապես իրական պետություններ են, օրինակ՝ Իսրայելը կամ Հյուսիսային Կորեան», - ամսագրի այս էջի լուսանկարը երեքշաբթի օրը ողողել էր ֆրանսիական լրատվամիջոցները:

Հրատարակչությունը ստիպված էր ներողություն խնդրել իր ընթերցողներից:

«Youpi-ի հարցը արձագանք էր առաջացրել. իսկ քանի՞ երկիր կա աշխարհում: Երեխաներին առաջարկվող պատասխանը սխալ էր, եւ մենք ներողություն ենք հայցում նրանցից, ում այն վիրավորել է: Իսրայելը ՄԱԿ-ի, ինչպես նաեւ Youpi-ի կողմից ճանաչված պետություն է»,- այսպիսի գրառում էր հայտնվել հրատարակչության սոցիալական ցանցերի էջին:

Մի քանի ժամ անց Bayard Jeunesse  հայտարարել էր, որ «Youpi-ի հունվարյան համարը կհանվի վաճառքից՝ Իսրայելի վերաբերյալ անտեղի դիրքորոշման պատճառով»: