Ռուսական կողմի հետ համատեղ Հայաստանի նոր ազգային ավիափոխադրողի ստեղծման հարցը դեռեւս քննարկումների եւ առաջարկների շրջանակում է: Այս մասին դեկտեմբերի 26-ին տարեմուտյան ամփոփիչ ասուլիսում ասաց կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) պետ Սերգեյ Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ սա ոչ ավելի, ոչ պակաս գործընկերոջ առաջարկ է, եւ այս թեման շահարկելու կարիք չկա: «Մեզ համար սա արտասահմանյան աղբյուրի կողմից հայրենական տնտեսության մեջ ներդրում կատարելու առաջարկ է, մասնավորապես՝ ավիացիայի ոլորտում, եւ մենք, բնականաբար, այդ առաջարկին դրական ենք վերաբերվում ու համագործակցությանը պատրաստ ենք»,- նշեց Ավետիսյանը:
Ըստ նրա, սակայն, այս պահին համատեղ ավիափոխադրողի ստեղծման հարցը հետագա առարկայական զարգացում չի ունեցել, եւ այս ուղղությամբ առայժմ ոչ մի քայլ չի ձեռնարկվել այն պարզ պատճառով, որ այդքան ծավալուն ծրագրերը չեն կարող կարճ ժամանակահատվածում իրագործվել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոսկվայում ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը եւ Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը քննարկել էին Հայաստան SSJ-100 օդանավեր մատակարարելու հարցը՝ երկրում ազգային փոխադրող ստեղծելու շրջանակում:



























