Հնդկաստանի հյուսիսում՝ Ջամմու եւ Քաշմիր նահանգներում, Հնդկաստանի իրավապահ մարմինները երեքշաբթի ոչնչացրել են «Ջայիշ է Մուհամադ» ահաբեկչական խմբի առաջնորդ Նուրա Մոհամադ Տանտրային, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
47-ամյա Տանտրան սպանվել է իրավապահ մարմինների կրակահերթից։ Նա տարիներ շարունակ կազմակերպել էր մի շարք ահաբեկչական հարձակումներ, այդ թվում՝ Սրինագար օդանավակայանում սահմանապահ զորքերի ճամբարի վրա հարձակումը։
«Նա մեզ համար գլխացավանք էր դարձել եւ նրա վերացումը մեծ հաջողություն է եւ լուրջ հարված ամբողջ ահաբեկչական խմբին»,-ասել է Ջամմու եւ Քաշմիր նահանգի ոստիկանության գլխավոր տեսուչ Մունիր Խանը:
Ջամմու եւ Քաշմիր նահանգում, որտեղ բնակչության մեծամասնությունը մուսուլմաններ են, լարված իրավիճակ է շուրջ մեկ տարի, նահանգում հաճախակի են դարձել անկարգություններն ու ոստիկանության հետ Քաշմիրի առանձնացումը սատարող զինյալների բախումները։




























