Սպիտակի տնակային ավանում բնակվող Անդրեասյանների ընտանիքը այս ու հաջորդող օրերը կանցկացնի ցրտում, եթե բարերարներ չգտնվեն ու չաջակցեն նրանց գազի վառարան գնելու ու ծախսած գազի համար վճարումներ կատարելու հարցում:
Նոյեմբերին կուտակված մոտ 30.000 դրամի վարձն ընտանիքի մայրը մինչ օրս չէր վճարել: Դեկտեմբերի 26-ի կեսօրին նրանց տուն այցելած գազի տեսուչը դադարեցրել է գազի մատակարարումը՝ ընտանիքին զրկելով տունը տաքացնելու հնարավորությունից: Ու չնայած նրան, որ ժամեր անց բարերարների կողմից կուտակված պարտքը մարվել է, գազամատակարարումը չի վերականգնվել:
«Տեսուչը պատճառաբանում է, որ մեր դրածը ձեռքով սարքած, ինքնաշեն վառարան է, որը վտանգավոր է, բայց ես գումար չունեմ գազի վառարան գնելու համար»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում արտասվելով պատմում էր Հասմիկը:
Ընտանիքում ներկայումս 7 անչափահաս երեխա կա, երկու ավագ դուստրերը վերջերս են ամուսնացել: Երեխաներից ամենափոքրը 7 ամսական է, որը խոնավության ու սառը պայմանների հետևանքով հիվանդացել է:
Անելանելի վիճակում հայտնված բազմազավակ մայրը չգիտի ինչ անի:
«Ճարս կտրած վերջը պիտի պոկեմ գազի պլոմբն ու ինքս միացնեմ մեր ֆարսոնկեն»,- ասում է նա:
Ի տարբերություն մյուս ընտանիքների, որտեղ երեխաները պատրաստվում են Ամանորին ու նամակներ գրում Ձմեռ պապին, Անդրեասյանների ընտանիքում երեխաներն այլևս նամակներ չեն գրում:
«Էնքան նամակ են գրել Ձմեռ պապին ու չի կատարվել, որ արդեն էլ չեն հավատում ու չեն էլ գրում: Դաժե տոնածառ չունենք, գումար չունենք, ո՞նց կարանք Նոր տարուն պատրաստվենք»,- ասում է Հասմիկը:
Նրանք, ովքեր կցանկանան աջակցել Անդրեասյանների ընտանիքին, կարող են կապ հաստատել երեխաների մոր՝ Հասմիկի հետ 093980523 հեռախոսահամարով:


























