ԱԺ պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը, ով հրաժարվել է պատգամավորական իր մանդատից, դիմել է Սահմանադրական դատարան, բողոքարկելով իր կալանավորման դատավարական կարգը: Նա խնդրում է երկրի Սահմանադրությանը չհամանապատասխանող ճանաչել Քրեադատավարական օրենսգրքի 285-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության դրույթները, որը նախատեսում է հետախուզման մեջ գտվող անձանց կալանավորման մասին որոշում կայացնելու կարգը:

Խ. Սուքիասյանի կարծիքով, դատարանն իրավունք չունի կալանավորման որոշում կայացնել հետախուզման մեջ գտնվող անձի նմատմամբ, այսինքն առանց նրա ներկայության: Դրանից բացի, հայցորդի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածով սահմանվում է դատավարական նորմերի հերթականությունը, և մեղադրյալը պետք է սկզբում ձերբակալվի և հետո միայն կալանավորվի: «Քրեադատավարական օրենսգրքի այս դրույթը հակասում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին, որոնց համաձայն՝ անձի կալանավորման մասին որոշումը չի կարող կայացվել նրա բացակայությամբ»,- ասվում է հայցորդի հիմնավորման մեջ:

Իսկ ահա պատասխանող կողմը` ի դեմս խորհրդարանի ներկայացուցչի, համարում է, որ տվյալ նորմը լիովին համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը, քանի որ հայցորդի կողմից նշված 16-րդ հոդվածում դատավարական նորմերի ոչ մի հերթականություն չկա, որոնցով մեղադրյալը պետք է սկզբում ձերբակալվի, հետո միայն կալանավորվի: Ինչ վերաբերում է խուզարկության մեջ գտնվող անձանց նկատմամբ կալանավորման որոշում կայացնելու դատավարական կարգին, պատասխանող կողմը պարզաբանեց, որ նման որոշում կարող է կայացվել արտահերթ, այդ անձի բացակայության դեպքում, իսկ արդյունքում՝ նրա հայտնաբերումից հետո, որոշումը կարող է դատարանի կողմից կայացվել երկրորդ անգամ՝ արդեն նրա ներկայությամբ:

Ի վերջո, ՍԴ-ն իր այսօրվա նիստում մերժեց ընդդիմադիր գործարար Խ. Սուքիասյանի դիմումը, համաձայնելով գործով պատասխանող կողմի` ի դեմս ՀՀ խորհրդարանի, բերված փաստարկների հետ:

Նկատենք, որ եւ Նիկոլ Փաշինյանի, եւ Խ. Սուքիասյանի դեպքում, երբ նրանք ներկայացան իրավապահներին, անմիջապես կալանավորվեցին, բայց մեկ օր անց դատարանը նորից կալանավորման սանցիա տվեց, ինչը նշանակում է մարդուն կրկնակի անգամ կալանավորել, որը որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի