ԱՄՆ-ն հետագայում եւս կաշխատի Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի մասին բազմակողմ համաձայնագրի թերությունների վերացման վրա: Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հեղինակային հոդվածում, որը հրապարակվել է The New York Times-ում:

Նա նշել է, որ «իրանական վնասակար գործարքը» Թեհրանի նկատմամբ Վաշինգթոնի քաղաքականության մեջ այլեւս կենտրոնական տեղ չի գրավում: «Հիմա մենք գործ ունենք ընդհանուր առմամբ Իրանից բխող սպառնալիքի հետ»,- նշել է նա՝ հավելելով, որ այժմ ԱՄՆ-ն մտադիր է «վերականգնել դաշինքներն» իր մերձավորարեւելյան գործընկերների հետ:

«Մենք կշարունակենք աշխատել մեր դաշնակիցների եւ Կոնգրեսի հետ միջուկային գործարքի բազմաթիվ թերությունների վերացման հարցը լուծելու համար՝ այդ ընթացքում միացյալ ջանքեր գործադրելով՝ ուղղված Իրանին պատժելուն բալիստիկ հրթիռների մշակման ծրագրի իր պարտավորությունները խախտելու եւ տարածաշրջանում նրա ապակայունացնող գործողությունների համար»,- նշել է Թիլերսոնը:

«Մենք նաեւ շարունակում ենք ամերիկյան շահերը հետապնդել Չինաստանի հետ հարաբերությունների այլ ոլորտներում՝ ներառյալ առեւտրային անհավասարակշռությունը, ինտելեկտուալ սեփականության գողությունը եւ Հարավ-Չինական ծովում ու այլ վայրերում Չինաստանի տագնապահարույց ռազմական ակտիվությունը»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը: