Գրեթե ամեն երրորդ գերմանացին (30 տոկոսը) սատարում է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Մարտին Շուլցի Եվրամիությունը Եվրոպայի Միացյալ Նահանգների վերափոխելու առաջարկը, հաղորդում է DW-ն:
Ֆրանսիայում այս գաղափարը սատարում է քաղաքացիների 28 տոկոսը, սկանդինավյան երկրներում` Նորվեգիայում, Դանիայում, Շվեդիայում եւ Ֆինլանդիայում` բնակչության 12-13 տոկոսը: Գերմանիայի քաղաքական գործչի առաջարկին առավել թերահավատորեն են վերաբերվում Մեծ Բրիտանիայի բնակիչները, որոնք պատրաստվում են դուրս գալ ԵՄ-ից: Այնտեղ ընդամենը 10 տոկոսն է կողմ արտահայտվել գաղափարին:
Մարտին Շուլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համագումարում դեկտեմբերի սկզբին հանդես էր եկել ընդհանուր սահմանադրության ընդունմամբ ԵՄ-ն 2025 թ.-ին Եվրոպայի Միացյալ Նահանգների վերափոխելու գաղափարով։ Շուլցի առաջարկի համաձայն՝ այն ԵՄ անդամ երկրները, որոնք կհրաժարվեն այս գաղափարը սատարել, դուրս կգան Եվրամիությունից։ Քրիստոնեա-դեմոկրատական միությունում, որը ղեկավարում է Անգելա Մերկելը, քննադատել են այս գաղափարը:
Հարցումն անցկացվել է YouGov ընկերության կողմից դեկտեմբերի 13-19-ը ընկած ժամանակահատվածում:




























