ԱՄՆ Սպիտակ տան իրավաբանները ռազմավարություն են մշակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի դեմ, հաղորդում է Kommersant.ru- ն` վկայակոչելով The Washington Post-ը եւ աղբյուրները:

Պարբերականի տեղեկությամբ՝ եթե պարոն Ֆլինը հետագայում Դոնալդ Թրամփին ուղղված մեղադրանքներ պարունակող վկայություն տա, փաստաբանները նախկին խորհրդատուին «ստախոս» կհայտարարեն: Ընդ որում, Թրամփը նախկինում պնդում էր, որ պարոն Ֆլինի սուտը, մասնավորապես՝ տեղեկատվություն թաքցնելու մասին վերջինիս խոստովանությունը, իրեն չի անհանգստացնում:

Մայքլ Ֆլինը փետրվարին ազատվել էր ԱՄՆ նախագահի խորհրդատուի պաշտոնից: Դեկտեմբերի 1-ին նա խոստովանել էր, որ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյին սուտ է ասել Մոսկվայի ներկայացուցիչների հետ շփումների մասին: Հիշեցնենք, որ նա հայտնել էր հետաքննությանը, որ իսկապես քննարկել է ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ Մոսկվայի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների վերացման հնարավորությունը: