Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը կարելի է համարել Երեւանի 2017 թվականի սակավ դիվանագիտական հաջողություններից մեկը: Այս մասին դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Թեւան Պողոսյանը:
Միեւնույն ժամանակ, ըստ նրա, եթե խոսքը այլ ոլորտների մասին է, ինչպիսիք են ղարաբաղյան կարգավորումը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, Հայաստանի՝ որպես տարածաշրջանի գլոբալ դերակատարի կայացումը, ապա Երեւանը որեւէ առաջընթաց չի գրանցել:
«Սակայն համարել, որ ԵՄ-ի հետ այս համաձայնագիրը ստորագրելով, մենք հասել ենք վերջնական նպատակին, իհարկե, չափազանց պարզունակ կլիներ, քանի որ եթե դու ինչ-որ բան ես ստորագրում, ապա պետք է նաեւ այդ ամենը կյանքի կոչես»,- մանրամասնել է Պողոսյանը՝ հավելելով, որ 2018-ը, իր տեսանկյունից, պետք է դառնա Եվրամիության անդամ երկրների կողմից այս համաձայնագրի վավերացման տարի, որպեսզի կողմերը կարողանան սկսել փաստաթղթում ներառված դրույթների իրագործումը: ՀԿ ղեկավարի խոսքով՝ նախատեսվող բարեփոխումները պետք է իրականացվեն որակով եւ արդյունավետ, ինչը բխում է Հայաստանի շահերից:




























