Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցը գլխավորել է 2017 թվականի գերմանացի քաղաքական գործիչների հակավարկանիշը: Նրան հաջորդում են Բավարիայի վարչապետ Հորսթ Զեեհոֆերը եւ դաշնային կանցլեր Անգելա Մերկելը: Այսպիսին են դեկտեմբերի 28-ին հրապարակված հարցման արդյունքները, որը Funke խմբագրական խմբի պատվերով անցկացրել է Kantar Emnid սոցիոլոգիական ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Շուլցին «2017-ի անհաջողակ» է համարել հարցվածների 67 տոկոսը, միայն 23 տոկոսն է հակառակ կարծիքի: Նրա ղեկավարությամբ սոցիալ-դեմոկրատները իրենց պատմության մեջ վատագույն արդյունքն են ունեցել սեպտեմբերի 24-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում: Դրանից հետո Շուլցը հայտարարել էր, որ իր կուսակցությունը ընդդիմություն է դառնում, սակայն վերջնարդյունքում, չնայած նախնական մտադրություններին, ստիպված էր համաձայնվել պահպանողականների հետ կառավարության ձեւավորման բանակցություններին:
Բավարիայի վարչապետ եւ Քրիստոնեա-սոցիալական միության ղեկավար Զեեհոֆերին հակավարկանիշի մեջ է ներառել գերմանացիների 61 տոկոսը: Անցնող տարում նա պարտվել է ներկուսակցական պայքարում եւ մի քանի ամսից պաշտոնին հրաժեշտ կտա: Չնայած դրան, 25 տոկոսը նշել է, որ Զեեհոֆերը, միեւնույն է, կարող է գոհ լինել 2017 թվականի իր աշխատանքից:
Մինուս նշանով քաղաքական գործիչների թվում Անգելա Մերկելին հիշատակել է հարցման մասնակիցների 53 տոկոսը: 41 տոկոսը, հակառակը, կարծում է, որ կանցլերը կարող է տարին իր ակտիվում գրանցել:
Հարցմանը մասնակցել է 1005 մարդ:




























