Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինն առաջարկել է խորացնել Ճապոնիայի հետ միջկուսակցական համագործակցությունը: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

Նա համապատասխան հայտարարությունը կատարել է Պեկինում Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Տոսիհիրո Նիկաիի եւ «Կոմեյտոյի» գլխավոր քարտուղար Յոսիհիսա Ինոուեի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Սի Ցզինպինը բարձր է գնահատել Չինաստանի եւ Ճապոնիայի քաղաքական կազմակերպությունների միջեւ գոյություն ունեցող փոխգործակցության մեխանիզմները: Նա հավանություն է տվել միջոցառումներին, որոնք ճապոնական 2 կուսակցությունների առաջնորդները ձեռնարկում են 2 երկրների իշխող կուսակցությունների շփումների խորացման համար, քանի որ դա «նպաստում է միջպետական մակարդակով ավելի ամուր պրագմատիկ բարեկամական կապերի ստեղծմանը»:
Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության եւ «Կոմեյտոյի» ներկայացուցիչները մասնակցել են Չինաստանի եւ Ճապոնիայի միջկուսակցական 7-րդ երկխոսությանը, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 25-ին եւ 26-ին Չինաստանի Ֆունցզյան նահանգում:

Վերջին տարիներին 2 երկրների կառավարությունների շփումները բավականին լարված էին, որը մասնավորապես պատճառաբանվում էր տարածքային վեճերով եւ մի շարք պատմական իրադարձությունների պաշտոնական մեկնաբանությամբ: