ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի արեւելքում ցուրտ եղանակի ֆոնին հեգնանքով հիշել է գլոբալ տաքացման տեսությունը եւ խորհուրդ տվել ամերիկացիներին տաք հագնվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Արեւելքում (ԱՄՆ-ի) պատմության մեջ սա կարող է դառնալ ամենացուրտ ամանորը: Գուցե մենք կարող էինք օգտվել հին ու բարի Գլոբալ Տաքացումից, որից պաշտպանվելու համար մեր երկիրը եւ ոչ այլ երկրներ պատրաստվում էր վճարել տրիլիոն դոլարներ: Տաք հագնվեք»,-գրել է Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում։
Վերջին օրերին ԱՄՆ-ի արեւելյան շրջաններում ցրտաշունչ եղանակ է, շատ նահանգներում ձյուն է տեղացել: Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ Վաշինգթոնում Ամանորի գիշերը ակնկալվում է առնվազն -13°С, իսկ 1899 թվականին քաղաքի համար ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել, երբ ջերմաչափը ցույց էր տալիս -26°С:
Թրամփը այս շաբաթը կանցկացնի հյուսիս-արեւելքում՝ Ֆլորիդայի իր նստավայրում։ որտեղ միջին ջերմաստիճանը 25 աստիճան է։
Կլիմայի մասին առաջին համաշխարհային պայմանագիրը` Փարիզյան համաձայնագիրը ստորագրվել է 2015 թ. դեկտեմբերին, այն սահմանում է գլոբալ տաքացման համար համաշխարհային գլոբալ գործողությունների ծրագիր: Պայմանագիրը վավերացրել են 170 երկրներ։
Այս տարի հունիսին Թրամփը հայտարարեց Փարիզյան համաձայնագրից դուրս գալու մասին։ Նախագահը բացատրել էր այդ որոշումը տնտեսական շահի բացակայությամբ։




























