2018 թվականի հունվարի 12-ին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բժշկական զննություն է անցնելու եւ արդյունքները հրապարակվելու են ռազմական բժիշկ Ռոնի Ջեքսոնի կողմից: Այս մասին հաղորդում է The Hill-ը:
«Նախագահի բժշկական զննությունը նախատեսված է հունվարի 12-ին, իսկ նախագահի բժիշկը՝ Ջեքսոնը զննության ավարտից հետո կհայտարարի դրանց արդյունքները»,-ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ: Միացյալ Նահանգների նախագահները ավանդաբար անցնում են ամենամյա բժշկական զննություն, որն իրականացնում են ռազմական բժիշկները։ Սա արվում է նրանց աշխատանքային պարտականությունները կատարելու ֆիզիկական կարողությունները ցույց տալու համար: 71-ամյա Թրամփը դարձել է ԱՄՆ ամենատարիքովը բոլոր ընտրված նախագահների մեջ: Քննադատները բազմիցս բարձրացրել են նրա ֆիզիկական վիճակի հարցը: Թրամփը մերժում է ցանկացած նախատինք եւ հաճախ հպարտանում է իր էներգիայով եւ տոկունությամբ:




























