«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը  կոչ է անում ժողովրդին 2018 թվականից լինել անհանդուրժող։ Նա NEWS.am–ի հետ զրույցում հայտարարեց, որ հանդուրժողականությունն է իրավունքների համատարած ոտնահարման պատճառը։

«Ավանդույթ կա, որ պաշտոնյաները ժողովրդին համբերություն են մաղթում, իսկ ես ընդհակառակը ուզում եմ մաղթել, որ 2018 թվականին մեր ժողովուրդը չլինի համբերատար,  որովհետեւ համբերությունն է, որ հանդուրժել են իրավունքների ոտնահարումը։ Ես ուզում եմ, որ չհանդուրժի բոլոր նրանց, որոնք հարստանում են իրենց հաշվին։ Մաղթում եմ անհանդուրժողականություն։ Իսկ ինչպես արտահայտեն իրենց հանդուրժողականությունը։ Թող արտահայտեն ոչ թե երկիրը լքելով, այլ ցանկացած օրինախախտման դեմ բուռն պայքարելով»,-ընդգծեց Զոհրաբյանը:

Հարցին՝ իսկ ցանկալի՞ է, որ ժողովուրդը փողոց դուրս գա, պատգամավորը պատասխանեց. «Ցանկացած ձեւ, որով կարող են իրենց օրինական անհամաձայնությունն արտահայտեն, պիտի օգտվեն, ոչ թե իրենց իրավունքները ոտնահարեն ու իրենք լինեն հեզ, խոնարհ եւ համբերող, ու իրենց անհամաձայնությունը հայտնեն արտագաղթով»։

Դիտարկմանը, որ քաղաքական ուժերը չեն ցանկանում առաջնորդել անհանդուրժողականության բողոքը, Նաիրա Զոհրաբյանը արձագանքեց.  «Գիտեք, քաղաքական ուժերն էլ  հակառակը կարող են ասել՝ մենք չենք տեսնում ժողովրդի մեջ իսկապես պայքարի վճռականություն եւ ցանկացած փորձ ի սկզբանե դատապարտված է։ Ես կրկնում եմ՝ ապստամբության եւ հեղափոխության կոչ չեմ անում էս պահին։ Ես ասում եմ՝ եղեք անհանդուրժող,  ձեր իրավունքները ոտնահարողների հանդեպ եւ մի եղեք էդքան համբերատար»։