«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները իրենց խալիֆայության  «ընկած» մայրաքաղաք Ռաքքա քաղաքից տեղափոխվել են Եփրատի հովտի միջին հատված։ Այս մասին Պենտագոնում հավատարմագրված լրագրղների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը՝մեկնաբանելով ԻՊ-ի դեմ պայքարի ընթացքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ռաքքան շրջապատված ու քայքայված էր։ Ոմանք հեռացել են: Նրանք տեղափոխվել են Եփրատ գետի հովտի միջին հատված: Մենք փորձում ենք «խալիֆայությանը զրկել կյանքից»՝ պահպանելով խաղաղ բնակիչների անվտանգությունը, որը առանձնապես բարդ է այս խմբավորման պարագայում»,-հայտարարել է ամերիկյան ռազմական գերատեսչության ղեկավարը։

 «Մենք հասկանում ենք, որ Եփրատ գետի երկայնքով  դեկոնֆլիկտացման գոտի է ընթանում (Ռուսաստանի եւ Սիրիայի զինված ուժերի հետ): Այս պայմանական սահմանը պահպանվել է մինչեւ հիմա: Դրա հետ կապված խնդիրներ կան, բայց մենք այդ խնդիրները օր օրի լուծում էինք, նաեւ մեզ եւ ռուսական ուժերի միջեւ հակամարտության կարգավորման հեռախոսային կապը երբեք չի դադարել աշխատել: Երբեք չի եղել այնպես, որ մենք զանգահարենք, մեզ չպատասխանեն, ինչպես նաեւ չի եղել այնպիսի դեպք, որ մեզ զանգահարեն, մենք չպատասխանենք»,-ընդգծել է Մետիսը:

Նա մերժեց այն ենթադրությունը, որ ԻՊ խմբավորումը, դուրս գալով Ռաքքայից եւ այլ սիրիական բնակավայրերից, կարող է վերադասավորել ուժերը եւ ամրանալ նոր տարածքներում: «Ներկա պահին ես այդ ուժերի որեւէ կոնցենտրացիա չեմ տեսնում, որ նրանք  ինչ-որ տեղ հավաքվեին մեք քանակությամբ եւ ստեղծեին անվտանգ կեցավայր։ Ես նման  նախանշաններ չեմ նկատում»,-նշել է նա։

Մետիսը նաեւ նշել է, որ Միացյալ Նահանգները չի ձգտում մասնատել Սիրիան`օգտագործելով այսպես կոչված սահմանազատման գիծը եւ բաժանելով ռուսական եւ ամերիկյան զինված ուժերի գործողությունների գոտիներն այս արաբական երկրում:

Նա հաստատել է, որ ԱՄՆ-ն մտադիր է ակտիվացնել ջանքերը Սիրիայի այն շրջաններում, որոնք չեն վերահսկվում Դամասկոսի իշխանությունների կողմից եւ ազատվել են ԻՊ-ի զինյալներից: «Մեզ համար կա  սահմանազատման գիծ, այդպիսին է իրավիճակը»,-նշել է Մետիսը: Այս առնչությամբ լրագրողներից մեկը հետաքրքրվել է, արդյոք դա նշանակում է, որ Վաշինգթոնի ծրագիրը Սիրիան մասնատելն է, նա պատասխանել է․ «Ոչ»։

Միեւնույն ժամանակ, նա նախազգուշացրել է սիրիական կառավարության ուժերին չանցնել սահմանային գիծը: Հարցին, թե ինչ կպատահի, եթե սիրիական զորքերը դա անեն, Մետիսը պատասխանել է. «Դա, հավանաբար, նրանց կողմից սխալ կլինի»: «Ահա սահմանագիծը, եւ մենք ասել ենք, որ մենք կգործենք մի կողմից, իսկ ռուսները՝ մյուս կողմից»,-ասել է Պենտագոնի ղեկավարը:

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Դամասկոսի կողմից վերահսկվող ուժերը փորձ չեն անում անցնել այս պայմանական սահմանը: «Նրանք նույնիսկ չեն փորձում դա անել, ուստի ես մտահոգված չեմ այդ հարցի շուրջ»,-ասել է Մետիսը: Նա նաեւ հաստատել է, որ ԱՄՆ-ն ու իր գործընկերները չեն պատրաստվում ցամաքում ԻՊ-ի դեմ պայքարի համար ներխուժել սիրակակն իշխանությունների կողմից վերահսկվող շրջաններ: «Մեզ դա պետք չէ»,-ընդգծել է նախարարը, որի խոսքի սղագրությունը հրապարակել  է Պենտագոնի մամուլի ծառայությունը:

Բացի այդ, Մետիսը բացատրել է, որ ԻՊ-ի «խալիֆայության» ոչնչացման կապակցությամբ Իրաքում եւ Սիրիայում ԱՄՆ-ի գործողությունների բնույթը փոխվելու է, շեշտը դրվելու է ազատագրված տարածքներում իրավիճակի կայունացման ջանքերի վրա, այլ ոչ թե «տարածքի բռնազավթման համար հարձակողական մոտեցման»: