ԱՄՆ-ն մտահոգված է Կոսովոյի առաջնորդների կողմից պատերազմական հանցագործությունների հետաքննությունների հարցով հատուկ դատարանի մասին օրենքը փոխելու փորձերից: Այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթի կողմից տարածված գրավոր հայտարորության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Կոսովոյի խորհրդարանում վերջերս հատուկ դատարանի մասին օրենքի չեղարկման մասին փորձերից, որը ստեղծվել է մարդկության դեմ ենթադրվող հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների եւ 1998-2000-ին հակամարտության ընթացքում կատարված այլ հանցագործությունների հետաքննության համար», - ասել է նա:
Նաուերթի խոսքերով, Վաշինգթոնը «կոչ է անում Կոսովոյի քաղաքական առաջնորդներին հավատարիմ մնալ Հատուկ դատարանի աշխատանքին եւ չփոխել դրա լիազորություններն ու իրավազորությունը»:
«Դեկտեմբերի 21-ին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ասել էր, որ Բալկաններում արդարադատության հասնելու ցանկությունը դեռ չի մարել», - հիշեցրել է Նաուերթը:




























